Ըստ Գալուստ Սահակյանի՝ ԼՂՀ բանակը «Գրադ»-ով «կառուցել է» Աղդամի ու Թարթառի դիրքերը
2016-04-29 09:21:00

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե հայկական բանակը կռվում է 80-ականների զենքով, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «այդ զենքերը օտարված չեն, դրանք բավականին կառուցողական զենքեր են»:

«ՉԻ» - Համաձայնվեք՝ միայն Գալուստ Սահակյանը կարող էր, ասենք, ՄՄ-21 («Գրադ») կայանքն անվանել կառուցողական զենք: Բայց մի շտապեք մեղադրել Գալուստ Գրիգորիչին, նա պարզապես իր մասնակցությունն է բերում քարոզչական պատերազմին եւ իր այդ հայտարարությամբ ուզում է ասել, որ վերջին օրերին ղարաբաղյան բանակը կառուցել է Աղդամի եւ Թարթառի շրջանների մի շարք բնակավայրեր:

Ի դեպ՝ Գալուստ Սահակյանի այս տերմինաբանությունը միանգամայն կիրառելի է նաեւ ներքաղաքական կյանքում: Փաստորեն՝ եթե ընդդիմությունը որոշի իշխանափոխություն իրականացնել ոչ թե ընտրությունների, այլ զենքի միջոցով, դա կլինի շատ կառուցողական ընդդիմություն: Իսկ իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ կառուցողական ընդդիմությունը երկրի զարգացման կարեւորագույն գրավականն է: Հասարակությունը, վստահ ենք, կիսում է այս տեսակետը»:

Այս նյութը դիտել են - 1913 անգամ