Հայաստանի պետական պարտքը անշեղորեն աճում է, իսկ եկամուտները՝ նվազում
2016-04-30 10:10:00

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը շարունակում է անշեղորեն աճել: Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ պարտքը կազմել է արդեն 5 մլրդ 196 մլն դոլար: Փաստորեն մեկ տարվա ընթացքում մեր պետական պատքն աճել է 576 մլն դոլարով: Սա անցած տարվա ցուցանիշը գերազանցում է 12,4 տոկոսով:

Միեւնույն ժամանակ այս նույն ընթացքում նվազել են մեր պետական բյուջեի եկամուտները: Եթե անցած տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտները կազմում էին 517 մլն դոլար, ապա այս տարի՝ 500 մլն դոլար: Մի խոսքով, ունենք պետական պարտքի 12,5 տոկոս աճ եւ բյուջեի եկամուտների 3,2 տոկոս նվազում: Իսկ սա ցույց է տալիս, որ Հայաստանը գոյատեւում է պարտքերի հաշվին:
Իսկ այն, որ պարտքերի աճին զուգահեռ պետական եկամուտները ոչ միայն համարժեքորեն չեն աճում, այլ շարունակում են նվազել, ցույց է տալիս, որ Հայաստանը գնում է դեպի սնանկացում:

Եթե սրան ավելացնենք, որ ոչ մի քայլ չի արվում մեր տնտեսության մոնոպոլիստական-օլիգարխիկ բնույթը փոխելու, կոռուպցիան նվազեցնելու, ստվերայնությունը կրճատելու ուղղությամբ, ապա ակնհայտ է, որ իշխանությունը մեր երկիրը դիտավորյալ եւ համառորեն է տանում դեպի սնանկացում: Կան կանխատեսումներ, որ մինչեւ այս տարեվերջ մեր պետական պարտքը կմոտենա 6 մլրդ դոլարի սահմանագծին»:

Այս նյութը դիտել են - 1509 անգամ