Այս օրերին շատ քննադատություններ հնչեցին սփյուռքում ապրող մեծահարուստների մասին, որոնք հանդես բերեցին բացառիկ ժլատություն ու չարձագանքեցին Արցախի կառավարության կոչին՝ մասնակից դառնալու բանակի կարիքների համար նախաձեռնված հանգանակությանը: Մի պահ նույնիսկ ԼՂՀ իշխանություններն իսկապես նեղացան՝ հանդես գալով տարակուսանքով լի հայտարարությամբ:
Սակայն հիմա պարզվում է, որ իրականությունն այնքան էլ այդպիսին չէ, ինչպես ներկայացվում է: Պարզապես կա վերաբերմունքի փոփոխություն, ինչի մասին վերնախավը նպատակահարմար է գտնում չբարձրաձայնել: Բանն այն է, որ դրսի մեր հարուստ հայրենակիցները հիմա որոշել են այլ կերպ վարվել: Նրանք ցանկանում են անմիջականորեն մասնակցել դրանց բաշխման գործընթացին։
Ըստ տեղեկությունների, նրանցից մի քանիսն արդեն նամակներ են հղել պաշտպանության նախարարին՝ անձամբ Սեյրան Օհանյանից պահանջելով ցուցակ, թե ինչ է անհրաժեշտ բանակին: Դրանից բացի խնդրել են, որպեսզի իրենց փոխանցվի զոհվածների ընտանիքների և վիրավորների հասցեները: Այլ կերպ ասած, մարդիկ պատրաստվում են գումար տրամադրել ոչ թե ՊՆ-ին կամ պետական մարմիններին, այլ հասցեական օգնություն ցուցաբերել։
Այսպիսի մոտեցումը միայն մի բան է նշանակում. բացահայտ կասկած առ այն, որ նվիրաբերված փողերը կարող են փոշիացվել ու յուրացվել: Սա նաև նշանակում է. «Մենք միշտ պատրաստ ենք օգնելու Հայաստանին, բայց այսուհետ ինքներս կբաշխենք օգնությունը, քանի որ վստահությունը սասանվել է»:
Այս նյութը դիտել են - 1572 անգամ