Երեխաները նույնիսկ մտադիր են երկուշաբթի օրը նստացույց անե՞լ...
2015-12-12 22:10:00

Ընտրակեղծիքների դեմ հանրաքվեի ընթացքում պայքարած և ապա՝ օրերս աշխատանքից ազատված պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանը «Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի տնօրինության կողմից ստացել է համագործակցության առաջարակ։ Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջում կրթահամալիրի կողմից տարածված հայտարարությունում ասվում է. «Հուսով ենք, որ համագործակցության կայացման դեպքում մեր կրթահամալիրի սաներին կդարձնեք Ձեզ պես իսկական քաղաքացիներ: Սիրով Կսպասենք Ձեր արձագանքին»։ Կարպիս Փաշոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ սիրով կընդունի «Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի առաջարկը։

Կարպիս Փաշոյանը մոտ մեկ ու կես տարի դասավանդել է Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում։ Նրան աշխատանքից հեռացրել են այն պատճառով, որ դեկտեմբերի վեցին, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, պայքարել է ընտրակեղծիքների դեմ։ Կարպիս Փաշոյանը մոտ 4 տարի է, ինչ մասնակցում է քաղաքացիական պայքարներին։ «Ա1+»-ի հետ զրույցում Կարպիս Փաշոյանը ասաց, որ թիվ 145 դպրոցի տնօրենի կողմից վաղուցվանից է զգուշացումներ ստացել.«Արձագանքներ եղան «Ոչ»-ի շարժումից սկսած, որն ուղղված էր Սերժ Սարգսյանի դեմ։ Տնօրենը պարբերաբար հորդորել է, որ վերջ տամ։ Առաջին զգուշացումը եղավ, երբ Անդրանիկ Մակարյանի և Հայկազ Բաղմանյանի համեմատականներ էի արել երկու ամիս առաջ ու քաղաքապետը հորդորել էր, որ հեռացնեմ գրառումը, հաջորդը՝ «Ոչ»-ի գրությամբ գրաֆիտին էր։ Տնօրենն արդեն վերջնագիր ներկայացրեց, իսկ այս վերջին «Ոչ»-ի տեսահոլովակներից, հանրաքվեի օրը վերահսկող լինելուց հետո հեռացման մասին ասաց՝պատճառաբանելով նախորդ զգուշացումները»։

Ուսուցիչը միայն ափսոսում է, որ իր աշակերտներին այլեւս չի դասավանդելու։ Ասում է, որ երեխաները նույնիսկ մտադիր են երկուշաբթի օրը նստացույց անել։ «Աշակերտների հետ իմ կապը յուրօրինակ է եղել։ Իրենց հետ ֆուտբոլ էի խաղում, շփումն այլ էր»։ Ասում է՝ շատերի համար ուսուցչի իր կերպարը մերժելի է եղել.«Հանրաքվեի օրը, հանձնաժողովի անդամ ուսուցչուհիներից մեկը սպառնում էր, թե կկոտրի լրագրող ընկերոջս տեսախցիկը, ինչ է թե թերություններ արձանագրեցինք և թույլ չտվեցինք լցոնումներ անել: Այո, Հայաստանի Հանրապետությունում ուսուցչի հենց այդ տեսակն է ընդունելի՝ կիսագրագետ ու գավառական»։ Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջում իր գործընկերներից Արթուր Հայրապետյանը գրառում է կատարել. «Արդարության, ազնվության երեսին թքել են, ասել՝ գնա մեռնի… Կարպիսն ու Դիանան ինձ հետ 9/21, 9/22 ընտրատեղամասերում պայքարել են ընտրակեղծիքների, այս գործող իշխանություն կոչված բորիներիների դեմ…

Դեպքի մասին մեկնաբանություն է արել ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը. «Սոցիալական ցաներում և էլ. ԶԼՄ- ներում տարածված տեղեկությունն առ այն, որ ոչ ԿԳՆ ենթակայության դպրոցներից մեկում, իբրև քաղաքական պատճառներով հեռացված ուսուցչի մասին լուրն արդեն զեկուցել եմ գործուղման մեջ կգտնվող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ով կզբաղվի սույն հարցով Հայաստան վերադառնալուց հետո՝ միաժամանակ բացառելով, որ ուսուցիչը կարող է հեռացված լինել քաղաքական հայացքների համար:
Մինչ այդ հորդորում եմ զերծ մնալ ԿԳՆ- ի հասցեին հնչող անհիմն, երբեմն նաև զավեշի ու սանձարձակության հասնող քննադատություններից»:

a1plus.am

Այս նյութը դիտել են - 2197 անգամ