Ամեն ԲՀԿ-ականի՝ մեկական կուսակցություն
2016-04-30 14:01:00

Այն օրինց ի վեր, երբ Գագիկ Ծառուկյանը լքեց իր ստեղծած կուսակցությունը և դրա անդամներին հանձնեց բախտի քմահաճույքին, ԲՀԿ-ականներից յուրաքանչյուրը փորձեց իր կարողությունների սահմաններում տեսնել գլխի ճարը: Կուսակցության ավերակների վրա Նաիրա Զոհրաբյանը մի կերպ հավաքեց նավաբեկյալներին ու մինչ օրս այդ խախուտ տախտակամածը լողում է անհասկանալի ուղղությամբ:


Տրոհված բեկորներից մեկը՝ Տիգրան Ուրիխանյանի առաջնորդությամբ «Ալյանս» կուսակցության հիմքը դրեց ու անցած բոլոր ամիսների ընթացքում այդ կուսակցության մասին հիշեցվում է միայն այն ժամանակ, երբ Ուրիխանյանը ելույթ է ունենում խորհրդարանում: ԲՀԿ-ի մեկ այլ թև՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ և երեք պատգամավորների մասնակցությամբ օրերս հայտարարեց «Համախմբում» կուսակցության ծննդի մասին՝ փաստելով, թե ինչպես են անառակ զավակները վերադառնում իրենց արմատներին:

Իսկ ահա այսօր էլ Ազգային ժողովի պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանն է ասել, թե ծրագրում է նոր կուսակցություն ստեղծել: Բաբայանը նշել է, որ այս պահին այդ հարցով ակտիվ կոնսուլտացիաներ է իրականացնում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիների և գործընկերների հետ: «Կա նման գաղափար, ես չեմ թաքցնում, բայց այս պահին զերծ կմնամ գնահատականներից: Երբ կլինի նման որոշում, մենք այդ մասին կտեղեկացնենք մամուլին»,- ասել է Բաբայանը:

Եթե այս տեմպերը պահպանվեն, ապա հեռու չէ այն օրը, երբ յուրաքանչյուր նախկին ԲՀԿ-ական իր կուսակցությունը կբացի: Բայց նրանց հասկանալ կարելի է: Այդ մարդիկ մտածում են, որ եթե Գագիկ Ծառուկյանի նմանը կարող է Հայաստանում քաղաքական ուժ ստեղծել, ապա իրենք կստեղծեն ու կստեղծեն: Թեպետ դա էլ է սխալ կարծիք. Գագիկ Ծառուկյանը գոնե փող ուներ և կարող էր իրեն թույլ տալ նման շքեղություն, բա սրանք ի՞նչ ունեն:

shame.am

Այս նյութը դիտել են - 1231 անգամ