Միայն սոցիալապես անապահով ընտանիքների զավակներին առաջին գիծ ուղարկելու շուրջ խոսակցություններն ու դժգոհությունները չեն հանդարտվում: Նորանոր փաստեր են ի հայտ գալիս՝ ապացուցելով մարդկանց արդարացի զայրույթը: Եվ այդ մեծ իրարանցումը կարծես թե սկսել է լրջորեն անհանգստացնել պաշտպանության նախարարության պատասխանատուներին, որոնք հասկանում են, որ ի վերջո ստիպված են լինելու պատասխանել ոչ միայն իրենց ուղղված հարցերին, այլև բացատրություններ տալ յուրաքանչյուր առանձին դեպքի և ընդհանուր պատկերի համար:
Ու ահա հենց այս լարված պահին ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հանկարծ իր ֆեյսբուքյան էջում որոշում է տեղադրել մեր հրաշալի զինվորականներից մեկի լուսանկարը հետևյալ մակագրությամբ. «Շարքային Բադալյան Հարություն Սարիբեկի։ Մարտական Խաչ երկրորդ աստիճան։ Կենդանի հերոս։ Ի դեպ, բոլորովին էլ անապահով ընտանիքից չէ»։
Մամլո խոսնակի գրառած երկրորդ նախադասությունը սոցցանցում անմիջապես ընկալվեց իբրև մարտահրավերի անհաջող փորձ ու զայրույթի մեծ ալիք բարձրացրեց օգտատերերի շրջանում:
Ընդհանուր տրամադրությունը կարելի է արտահայտել նրանցից մեկի կողմից նկարի ներքևում արված հետևյալ մակագրության միջոցով. «Հարյուրավոր, հազարավոր անապահովների կողքին պեղեցին, գտան մի ազնիվ ապահով հայ զինվոր…»,- գրել էր քաղաքացին՝ հեգնելով Արծրուն Հովհաննիսյանի գերմարդկային ճիգերը, ով ամեն գնով ցանկանում է փրկել իր շեֆի և նրա հաստատության դեմքը:
Արծրունն, իհարկե, փրկել չկարողացավ: Ավելին, տեսնելով, որ հաշված րոպեների ընթացքում էջը ողողվեց կատաղած մարդկանց բազմաթիվ գրառումներով և հայհոյանքներով, սա սկսեց արագ-արագ դրանք ջնջել, իսկ հետո էլ զգուշացրեց. «Հեռացվելու են բոլոր անտեղի քոմենթները: Իսկ առաջիկայում կլինեն բազում նման օրինակներ»:
Ի՞նչ բան է անտեղի մեկնաբանությունը պաշտպանության նախարարության համար: Դա ա՞յն է, երբ երեսիդ ասում են դառը ճշմարտությունը ու դու դրանից նեղսրտում ես: Եվ եթե զինվորական համազգեստ կրող մարդը ընդամենը ասված ճշմարտության հարվածին չի դիմանում, ապա ավելի ցավոտ և ավելի շոշափելի հարվածներին ինչպե՞ս պիտի դիմակայի:
Այս նյութը դիտել են - 3013 անգամ