ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Մահվան և լկտիության մոնիտորինգները
2016-04-30 22:22:00

Այսօր խորհրդարանական ավանդական ճեպազրույցի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին խիստ զայրացրեց հայտարարությունն այն մասին, որ սահմանին կանգնած են միայն սոցիալապես անապահով ընտանիքների զավակները:

Ի դեպ, վերջին շրջանում Բաղդասարյանը առանձնակի նյարդայնություն է ցուցաբերում, հատկապես այս ապրիլին, երբ սկսել են պատերազմական գործողությունները, նա դարձել է մի տեսակ ջղագրգիռ, վտանգի հոտն առած մարդու վախվորածությամբ, և սիրում է ամեն առիթով բորբոքվել: Հիմա էլ նույնը եղավ: «Ո՞վ է նման մոնիտորինգ արել:

Այս հանդիպումից հետո ես կխնդրեմ տվյալներ տրամադրեն, թե ինչ մոնիտորինգի հիման վրա է պնդում արվում, թե սահմանին միայն սոցիալապես անապահով ընտանիքների զավակներն են ծառայում, որովհետև ես եղել եմ սահմանին ու նման տարաբաժանում չեմ նկատել»,- ասաց նա՝ հորդորելով նման թեմաների վրա շատ չտարածվել ու ապրիլյան դեպքերից հետո համախմբան մեջ սեպ չխրել:

Վահրամ Բաղդասարյանը դեռ միամիտ հույսեր է փայփայում, թե կարելի է իր տեսակի հետ համախմբվել: Բայց սա էլ էական չէ, այլ այն, որ նա պատրաստ է ակնհայտ փաստերը կասկածի ենթարկել, միայն թե լինի այնպես, ինչպես ինքն է ցանկանում ներկայացնել: Եվ հանուն այդ նպատակի պատրաստ է կեղտոտ թվաբանությամբ զբաղվել:

Այս օրերին զոհված շուրջ 100 զինծառայողների մասին ընդարձակ հրապարակումներ եղան, ներկայացվեցին նրանց ընտանիքների կենցաղային ու սոցիալական պայմանները: Անխտիր բոլորն ապրում էին ծայրահեղ թշվառության մեջ: Ոմանք նույնիսկ իրենց համար տանիք էին գտել այնպիսի տեղերում, որ եթե Բաղդասարյան Վահրամին այդտեղ գցեինք, մի ժամում շունչը կտար:

Իսկ եթե դա էլ բավական չէ մոնիտորինգների սիրահար ՀՀԿ-ականի համար, ապա արժե նրան հիշեցնել, որ համաձայն սոցապ նախարարության հրապարակած տվյալների, 100 զինծառայողների մեծ մասը` 64-ը, սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ են և նրանց ընտանիքներն ունեն վարկային ու կոմունալ վճարների հետ կապված խնդիրներ:

Բայց վստահ չենք, թե այս փաստերն էլ այդ հաստ կեղևից ներս կթափանցեն: Որովհետև Բաղդասարյանը դեռ իր երգն է երգում. «Եթե այդ տարաբաժանումներով ու նման միջոցներով փորձում եք մեր զինվորների ու ընտանիքների միջև տարաձայնություններ մտցնել, չի հաջողվելու: Այսօր ամբողջ ազգը զինվորագրված է, և ամենքն իր հնարավորության սահմաններում օգտակար է: Խնդրում եմ ձեռնպահ մնալ նման հարցեր բարձրացնելուց ու այդ թեման բարձրաձայնելուց», -հայտարարում է նա:


Ազգը զինվորագրվել է: Իսկ որտե՞ղ է զինվորագրվել Վահրամ Բաղդասարյանը:

Պարզ չէ՞, որ ոչ մի տեղ: Նրա հարուստ կենսագրության մեջ բացակայում է այդ կարևոր կետը: Մարդը երբեք ծառայության երես չի տեսել: Նա այդ ընթացքում էլ մոնիտորինգներ է անցկացրել: Հաշվել է մեռնողներին ու աղքատներին՝ միշտ մնալով ապրողների ու հարուստների շարքում:

shame.am

Այս նյութը դիտել են - 3431 անգամ