Ծառուկ Սարգսյան
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին բոլորը նմանեցնում են ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Կոնստանտին Չերնենկոյին, որն իր բուժման վրա ավելի շատ ժամանակ էր ծախսում, քան աշխատանքի, ավելի ճիշտ` անընդհատ բուժվում էր և հնարավորություն չուներ աշխատելու: Ի տարբերություն Չերնենկոյի, որը տառապում էր ասթմայով և հազիվ էր շնչում, Գալուստ Գրիգորիչը տառապում է սրտի առիթմիայով, բայց նրա մոտ արտահայտված են նույն ախտանիշները, ինչ Կոնստանտին Ուստինովիչի, նա ընդհանրապես աշխատունակ չէ:
Եթե Չերնենկոյին հազիվ բարձրացնում էին Կարմիր հրապարակի ամբիոն, որ ձեռքը թափահարի ու կենդանության նշաններ ցույց տա, Գալուստ Գրիգորիչին մի քանի րոպեով հանում են ԱԺ նախագահություն, որ մի երկու բառ արտասանի և հերթական անգամ ուղևորվի Գերմանիա՝ բուժման:
Գալուստ Սահակյանի հիվանդությունը և անաշխատունակությունը դեռ չեն նշանակում, թե Ազգային ժողովը զրկվել է ղեկավարությունից: Ինչպես ասում են, սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում, և, ինչպես լինում է նման դեպքերում, Գալուստ Գրիգորիչի թափուր տեղը զբաղեցրել է նրա աշխատակազմը, որը հանդես է գալիս նրա անունից և հանուն նրա, որ Գալուստ Գրիգորիչը հնարավորինս երկար ժամանակ մնա այդ պաշտոնում, իսկ իրենք հնարավորինս երկար կարողանան արածել Ազգային ժողովի հյութեղ անդաստանում:
Նույնիսկ այն ժամանակ, երբ Գալուստ Սահակյանի առողջությունը ներում էր մի 15 րոպե նստել ԱԺ նախագահի աթոռին, խորհրդարանում գիտեին, որ բոլոր կարևորագույն որոշումները կայացվում են աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյան և ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագով զույգի կողմից:
ԱԺ որ պատգամավորը որ միջազգային խորհրդաժողովին պետք է մասնակցի կամ չմասնակցի, պատվիրակությունների կազմում ովքեր պետք է ընդգրվեն և որ հյուրանոցում պետք է գիշերեն՝ այս և ազգային կարևորության նմանատիպ հարցերը որոշվում է միայն այս մարդկանց կողմից: Բանը հասել է այնտեղ, որ ԱԺ նախագահի արտասահմանյան այցերի ժամանակ պատվիրակության կազմում պատգամավորներից ընդգրկում են աշխատակազմի յուրային ներկայացուցիչներին, որպեսզի սրանք կարողանան արտասահմանյան մայրաքաղաքներում սելֆի անել և հարստացնել իրենց ֆեսյբուքյան էջերի լուսանկարների բաժինը:
Սա խնդրի միայն մի կողմն է, որովհետև որոշումների կայացման լիազորություն ունենալն օգնում է այս մարդկանց հսկայական միջոցներ աշխատել ավիաընկերությունների հետ՝ տոմսերի և հյուրանոցների ամրագրումից: ԱԺ աշխատակազմի գնած տոմսերի բարձր արժեքներն ուղղակի զարհուրանք են առաջացնում: Իսկ դրա պատճառն այն է, որ տոմսերը գնվում են թռիչքից ընդամենը օրեր կամ նույնիսկ ժամեր առաջ՝ դրանով արհեստականորեն բարձրացնելով տոմսի արժեքը:
Հայտնի բան է, որ նույն ավիատոմսը կարելի է կրկնակի էժան գնել վաղ ամրագրման դեպքում: Սա չի խանգարում, որ տոմսերը գնվեն վերջին օրը՝ դրանով բյուջեին հասցնելով միլիոնավոր դրամների վնաս: Բայց ինչը վնաս է բյուջեին՝ օգուտ է ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը, որովհետև այդ գումարի մի մասն արդեն կանխիկի տեսքով հետ է վերադառնում նրանց: Որովհետև, եթե մտածենք, որ նրանք անձնական շահագրգռություն չունեն տոմսերը թանկ գնելու հարցում, ապա պետք է մտածենք այլ տարբերակների մասին, այն է` նրանք կամ կատարյալ ոչխար են, կամ թշնամու դիվերսանտ:
Հիմա այս մարդկանց խնդիրը Չերնենկո-Սահակյանին հնարավորինս երկար պաշտոնում պահելն է, որովհետև որքան Գալուստը երկար մնա ԱԺ նախագահի պաշտոնում, այնքան այս զույգն ավելի շատ հնարավորություն կունենա արածելու: Առնվազն մինչև 2017թ. ապրիլ սրանց կոմբիկերը տեղը կլինի, որովհետև հիվանդ և անաշխատունակ մարդուն երիտասարդ ու գոնե իր աթոռին նստելու ունակ մարդով փախարինելը սրանք հռչակել են բարոյականության հարց, իսկ իրենց` բարոյականության անմնացորդ պաշտպաններ: Ինչպես տեսնում եք, կարող է լինել նաև բարոյական լափակերություն: