Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում կուսակցությունների ձեւավորումը նոր թափ է հավաքում. ԲՀԿ-ից դուրս եկած բոլոր պատգամավորները հերթով կուսակցություն են հիմնում: Հիմքը դրեցՏիգրան Ուրիխանյանը, ով փետրվարյան հայտնի իրադարձությունների շրջանում ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնը լքելուց հետո հիմնադրեց «Ալյանս»կուսակցությունը: Այնուհետեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հիմնադրեց «Համախմբում» կուսակցությունը՝ դրանում ընդգրկելով ԲՀԿ-ից հեռացած մի խումբ կուսակցականների:
Հերթը 5 կուսակցություն փոխած (ԲՀԿ, «Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն», «Հանրապետություն» կուսակցություն, Երիտասարդական եւ ՄԻԱԿ կուսակցություններ) Վահան Բաբայանինն է: Վերջինս սկսել է տեղեկություններ տարածել, թե մտադիր է նոր կուսակցություն հիմնել։ Նա նույնիսկ հայտարարել է, որ իր կուսակցությունը լինելու է ազգային-ռեֆորմիստական գաղափարախոսությամբ եւ ոչ ընդդիմադիր: Այլ մանրամասներ դեռ չի պատմել:
Ինչո՞վ է պայմանավորված կուսակցաշինական այս բումը, ինչի՞ են ձգտում եւ ինչի՞ կարող են հասնել նախկին ԲՀԿ-ականները:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է, որ որպես երեւույթ սա նորմալ միտում է ընտրություններից առաջ, այլ հարց է, որ ստեղծված կուսակցություններից որեւէ մեկը չի կարող լրացնել վակուումը, որ ստեղծվել է իշխանությունների կողմից ԲՀԿ-ն մարգինալացնելուց հետո: Ինչ վերաբերում է նորաստեղծ կուսակցություններին, ապա, ըստ Համբարյանի, նրանց հաջողությունը ուղիղ համեմատական է ունեցած ֆինանսական միջոցների հետ:
«Այս տարին նախընտրական տարի է եւ սպասելի է, որ բոլորը նախապատրաստվում են ընտրություններին: «Բարեփոխված» Սահմանադրությամբ Հայաստանը դառնում է պառլամենտական հանրապետություն: Այս պարագայում շատ նորմալ է, որ որոշ կուսակցություններ մահանում են, կան կուսակցություններ, որ ծնվում են»,- ասաց Համբարյանը:
Խոսելով նախկին ԲՀԿ-ականների հիմնած եւ հիմնելիք կուսակցությունների հնարավորությունների մասին՝ Համբարյանը նկատեց, որ բոլորի գլխավոր խնդիրը ֆինանսներն են: «Հայաստանում հաջողության հասնելու համար անհրաժեշտ են ֆինանսներ: Դա վերաբերում է թե նորաթուխ, թե հին պատմություն ունեցող կուսակցություններին, որովհետեւ, ցավոք սրտի, Հայաստանի հասարակությունը չունի այն կուլտուրան, որ պետք է ընտրի ոչ թե որեւէ անձ կամ կուսակցություն, այլ գաղափար»:
Մեր հարցին, թե ինչի՞ համար է անհրաժեշտ գումարը՝ Համբարյանը պատասխանեց.
«Ամեն ինչ՝ սկած գրասենյակներ բացելուց, համախոհներին աշխատավարձեր վճարելուց, վերջացրած՝ ինչո՞ւ ոչ, ընտրակաշառքից»:
Հարցին՝ գումար ունենալու դեպքում, օրինակ, Վահան Բաբայանի հիմնած կուսակցությունը կարո՞ղ է ինչ-որ հաջողություն ակնկալել ընտրություններում.
«Իսկ ինչո՞ւ ոչ: Իսկ նախորդ ԱԺ ընտրությունների ժամանակ ո՞վ էր սպասում, որ Գուրգեն Արսենյանի Միավորված աշխատանքային կուսակցությունը, որ նոր էր ծնվել, կարող էր հաջողություն ունենալ: Այդ կուսակցությունը ձայներ ստացավ միայն այն պատճառով, որ ահռելի քանակությամբ գումար բաժանեց եւ ձայն գնեց»:
Այս նյութը դիտել են - 1401 անգամ