ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը կրակն է ընկել իր լեզվի ձեռքը: Այս էլ որերորդ անգամ նա որակումների մեջ իրեն ազատություններ է թույլ տալիս ու ստիպված է լինում դրա համար արդարացումներ գտնել:
Հիմա էլ Թովմասյանին դատի են տվել «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունները:
Վերջիններս հայց են ներկայացրել Ընտրական օրենսգրքի հեղինակի դեմ ու պնդում են, թե Թովմասյանն արատավորել է իրենց գործարար համբավը, քանի որ Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ֆորմատով քննարկումների ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հասցեին արել է հետևյալ արտահայտությունը․«Ես կարծում եմ, որ դիտորդական կազմակերպություններում դեմագոգ, կիսագրագետ, անգրագետ են, դրսից սնվող»:
Թե ինչու են Թովմասյանին այդքան զայրույթ պատճառել դիտորդական կազմակերպությունները, մնում է կռահել: Իսկ որ նա պիտի ապացուցի սրանց կիսագրագետ, դեմագոգ լինելու հանգամանքը և միաժամանակ փաստական հիմքեր ներկայացնի, որ սնվում են դրսից, մի քիչ դժվար կլինի նախկին նախարարի համար: Բանն այն է, որ անգրագետին գրագետը կարող է այդպիսի որակումներ տալ, դեմագոգին սկզբունքային մարդը կարող է անվանարկել: Իսկ Հրայր Թովմասյանն այդ հարցերում խնդիրներ ունի:
Ինչ վերաբերում է դրսից եկող միջոցներին, ապա այստեղ էլ հարցը երկու երես ունի: Ստացվել է այնպես, որ եվրոպական աղբյուրներից ֆինանսավորվող այս կառույցները մտադրվել են նաև երկրի ներսում գումարներ գտնել: Ու կարծես թե գտել են:
Եթե նրանք շահեն Հրայր Թովմասյանի դեմ դատը, ապա վերջինս պիտի կլորիկ գումար վճարի հայցվորներին: Արդյունքում կստացվի, որ այսուհետ «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ները կվերածվեն ներսից, այսինքն Հրայրի գրպանից սնվողների: