ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող տնտեսական եւ ռազմական աջակցության ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից: Այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական, հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը, հաղոդրում է «Ամերիկայի ձայնը»:
Նրա խոսքով, վերջին ժամանակներս Հայաստանը Ռուսաստանի լուրջ ազդեցության տակ է հայտնվել, որը բնավ դրական ազդեցություն չի կարելի համարել: Ադամ Շիֆի կարծիքով Հայաստանի շահերից է բխում զարգացնել սերտ հարաբերություններ ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Ռուսաստանի հետ:
«Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարող են տարբեր ուղղություններով զարգանալ, այդ թվում կարող ենք շարունակել նախկինում իրականավող ծրագրեր, ինչպիսիք էին «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիայի, ԱՄՆ արտաքին օգնության եւ ականազերծման ծրագրերը: Մենք պետք է նաեւ Ադրբեջանին հանգիստ չտանք, եւ թույլ չտանք նրանց շփման գծում սադրանքների դիմել»,-ասել է նա:
Շիֆի կարծիքով Հայաստանի շահերից է բխում կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության զարգացումը եւ Հայաստանիպայծառ բնակչության համար երկրի ներսում զբաղվածության ապահովումը: «Ես ամենից շատ կցանկանայի, որ Հայաստանը դառնար Կովկասի Սիլիկոնի հարթավայրը եւ գրավեր ամբողջ ինտելեկտուալ ներուժը, քանի որ ինտելեկտուալ կարողություններն անհնար է շրջափակման ենթարկել, հետեւաբար բարձր տեխնոլոգիաների ոլորտը շատ հեռանկարային է Հայաստանի համար»,-ընդգծել է կոնգրեսականը:
Անդրադառնալով ԱՄՆ կողմից Հայաստանին հատկացվող աջակցությանը, նա ընդգծել է, որ այն կշարունակվի, չնայած ամերիկյան բյուջեի կրճատումներին: Շիֆը նաեւ կարծիք է հայտնել, որ հայկական սփյուռքը պետք է ակտիվորեն մասնակցի երկրի ապագայի կերտմանը: «Հայաստանում մեծ ազդեցություն վայելող սփյուռքի համար հատկապես կարեւոր է նպաստել, որ հայաստանը ժողովրդավարական ուղիով շարժվի»,-իր խոսքն է ամփոփել Ադամ Շիֆը:
Այս նյութը դիտել են - 1700 անգամ