Հյուսիսային Վիրջինիան դարձավ Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց Ցեղասպանության փաստը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Համապատասխան հռչակագիր է ընդունել Հյուսիսային Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը, ով 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել է նահանգում ցեղասպանության հիշատակի եւ կանխարգելման ամիս:
Վկայակոչելով 1915-1923 թվականներին մեկ եւ կես միլիոն հայերի եւ մեկ միլիոն հույների եւ ասորիների սպանությունը, ինչպես նաեւ մեր օրերին Մերձավոր Արեւելքում կատարվող քրիստոնյաների, եզդիների եւ այլ փոքրամասնությունների ոչնչացումը, նահանգապետ Թոմբլինն իր հռչակագրում նշում է. «Ճանաչելով եւ մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունն ու Ողջակիզումը, ինչպես նաեւ բոլոր անցյալի եւ ներկայի ցեղասպանությունները, մենք պահպանում ենք պատմական հիշատակը, երաշխավորում, որ նման դաժանությունները չեն կրկնվելու, եւ զգոն մնում ատելության, հալածանքի եւ բռնության հանդեպ»:
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ Համբարձում Կասպարյանը, Նենսի եւ Էմի Թոլիվերները կարեւոր դեր խաղացին հռչակագրի ընդունման գործընթացում: «1915-ին իմ պապ Համբարձումը, ով Անկարայում ցորենի վաճառքով զբաղվող հաջողակ գործարար էր, կեսգիշերին տնից բռնի կերպով տարվել եւ գլխատվել էր:
Նույնն արվել էր բազմաթիվ այլ, ավելի կիրթ եւ հաջողակ հայերի հետ, ովքեր բնակվում էին Թուրքիայում», - պատմում է Համբարձում Կասպարյանը, - «Իմ պապը շատ բարի եւ մեծահոգի մարդ էր: Երաշտի տարիներին նա բազմաթիվ մարդկանց սննդով էր ապահովում: Հույս ունեմ, որ Հյուսիսային Վիրջինիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որոշ չափով երաշխիք կլինի, որ նման սարսափելի իրադարձություններ այլ մարդկանց հետ չեն կատարվի»:
Այս նյութը դիտել են - 1605 անգամ