ՄԵՐ ԽԱՂԱՂ ՕՐԵՐԻՆ ՎԱՐԴԵՐԻ ԺՊԻՏՆԵՐ ԿԱՅԻՆ, ԲԱՅՑ ՉԷԻՆՔ ՆԿԱՏՈՒՄ2016-05-03 16:21:00
Ուրիշ էր այս անգամ ապրած զգացողությունս սահմանամերձ իմ հրետակոծված բնակավայրում: Թաքցնելու բան չկա, բոլորս էլ գիտենք, որ անկանխատեսելի են մեր հակառակորդի սանձարձակությունները առավելապես սահմանում, ուր կյանքի ու անմահության լեգենդներ են հյուսվում:
Ամեն մի օրդ հրաշք է դառնում, որ այս անգամ էլ խաղաղ էր վերջալույսը ու սպասում ես մի նոր գիշերալույսի, որ անուրջների մեջ մի նոր երազ աշխարհ ստեղծես, որտեղ պատերազմ չկա, խաղաղ է կյանքն ու երանելի: Այդ երանությամբ էլ, երբ դիմավորում ես մի նոր լուսաբաց, հայացքդ հառում ես երկնքին, կապույտ ես փնտրում ու կապույտի մեջ էլ` լուսե անուրջներ:
Դռան զանգից վեր եմ թռչում, իսկ ինչու՞, չէ որ դա ընդամենը մի սովորական զանգ էր, ինչպես հեռախոսի զանգը, բայց զարմանալի բան չկա, երբ հեռախոսի ձայնից էլ հանկարծակիի եմ գալիս: Արկերի այն ահռելի պայթյուններից հետո մի փոքրիկ ձայն և հանկարծ վեր եմ թռչում, հոգիս տակնուվրա է լինում, սրտի անհագիստ տրոփյունով բացում եմ դուռը, մտովի խոսելով ինքս ինձ հետ` ինչ լավ է, որ այս խաղաղ անդորրության մեջ հիշել են ինձ… Ես մոռացել էի, որ կյանքում այսպիսի բերկրանք կա… Վարդեր են, վարդի սիրուն բողբոջներ, ժպտերես նայում են ինձ, մեկ ուրիշ ժպիտ միախառնվել էր այդ վարդերի բուրավետ տեսքին: Նույնքան ժպտերես դիմացս կանգնած էր հարևանուհիս…Գիտեմ` կարոտն է նրան բերել այստեղ, այն մեծ կարոտը, որ այս հող ու ջրին սովոր մարդը ուրիշ տեղ չի կարող ապրել, ու նորից նայում եմ այն իրական հրաշքներին…
Ժպիտներով հարուստ բաց վարդագույն վարդեր` վարդագույն երազներով, այն մեկը մուգ կարմիր է, արյան գույն ունի, սպիտակ վարդի մեջ` ճերմակ երազներ` թև ու թևավոր, որ ինձ են նայում լուսե ժպիտով: Պատերազմի դաժան շունչ ու վարդերի ժպիտ, հրետակոծված բնակավայր ու կյանքի մի նոր երազանք, տարհանված բնակիչներ ու մի նոր կարոտ… Եվ նորից կարոտում եմ այն խաղաղ կյանքը, այնտեղ էլ վարդերի ժպիտներ կային շատ, բայց մենք չէինք նկատում:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 2062 անգամ