Աշոտյանը կոչ է անում Հերմինե Նաղդալյանի թեման մաստակ չսարքել՝ զինվորի ոգին ընկնում է...2016-05-03 23:27:00
Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՄԱԱ-ում հրավիրած ասուլիսում հայտարարեց՝ ստեղծված պատերազմական իրավիճակում «բարոյական չէ ստեղծել արհեստական օրակարգ եւ պահանջել երկրի գլխավոր գերագույն հրամանատարի հրաժարականը: Դժվար է պատկերացնել, որ այսօր այդ հարցը կա օրակարգում»:
Ըստ նրա, կան մարդիկ, որոնք այս իրավիճակն օգտագործում են՝ սեփական հեղինակությունը վերականգնելու համար: Քաղաքական դաշտը 2017-ի ընտրություններից առաջ նախանախընտրական փուլում է, դիրքեր են փորձում ստանալ: Եվ այն, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն է ստեղծում, նոր Սահմանադրությունը դարձնում է բացարձակ լեգիտիմ: Այն շրջանակները, որոնք ոչ-ի շարժման մեջ էին, շարժվում են նոր խաղի կանոններով:
Հարցին՝ կիսո՞ւմ եք Հերմինե Նաղդալյանի մոտեցումները Ղարաբաղյան խնդրի կարգավորման առնչությամբ՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Թողնում եմ տիկին Հերմինեին՝ իր հարցազրույցի հետ կապված մեկնաբանությունը, ինչն արել է: Եկեք ամեն ինչ դնենք մի կողմ եւ պարզ խոսենք՝ արդյոք այս թեմայի հետագա քննարկումը բարձրացնո՞ւմ է մեր զինվորի ոգին, արդյոք չի բերում նրան, որ տղերքը, որոնք կանգնած են առաջնագծում, ծանոթանալով լրահոսին՝ որոշակի հոգեբանական խնդիրներ կարող են ունենալ: Ղարաբաղյան խնդրի կարգավորումը ԱԺ մանդատը չէ, դա երկրի ղեկավարի մանդատն է՝ նախագահի մանդատն է, իսկ Սերժ Սարգսյանի տեսակետներին կարողացել եք հաղորդակից լինել: Այս հարցի իրական տերը ԼՂՀ ժողովուրդն է, Բակո Սահակյանը հստակ բարձրաձայնեց իրենց մոտեցումները»:
Արմեն Աշոտյանն ասաց, որ մարդկանց խումբ կա, որն «արյուն» է ուզում՝ պաշտոնանկություններ, հրաժարականներ. «Կա այդ էներգիան որոշակի մարդկանց մոտ, բայց այդ էներգիան արդյոք կառուցողակա՞ն է, թե՞ ոչ: Այն, ինչ կատարվելու է՝ կատարվում է, ով չպետք է աշխատի՝ չի աշխատելու»:
Հարցին՝ Դուք անձամբ կո՞ղմ եք Հերմինե Նաղդալյանի հրաժարականին, թե՞ ոչ՝ Արմեն Աշոտյանը հարցադրումը ոչ կոռեկտ համարեց. «Ես մի քիչ ավելի լուրջ եմ տրամադրված այս հանդիպմանը: Անլուրջ է այս հասարակական քննարկումների պոչը, ինքը չի այդ հարցի իրական տերը՝ մանդատի առումով: Ինքը բացատրությունները տվել է, մաստակ սարքել այս թեմայից, նշանակում է չհասկանալ ինչն է ճիշտը գլոբալ առումով»:
Արմեն Աշոտյանն առաջարկեց առհասարակ փոխզիջում բառը հանել բառապաշարից, որովհետեւ ինչպես նախագահն ասաց՝ բանակցային գործընթացի վերսկսման մեկնարկը դեռ չկա: Հետևաբար` անարդյունավետ է խոսել այն մասին, թե ինչ կլինի բանակցությունների հնարավոր վերսկսման դեպքում: Մեր խնդիրն է արտաքին քաղաքականության օրակարգում թողնել միայն այն հարցը, որ միջազգային հանրությունը հասցեական դատապարտի Ալիեւի արկածախնդրությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այս նյութը դիտել են - 2034 անգամ