Սովորաբար ասում են՝ միայն տեսախցիկները կարող են ֆիքսել իրականությունը: Կավելացնեի` իրականությունը, իրադարձությունը կարող է տեսնել ու յուրովի գնահատել մեզանից յուրաքանչյուրը:
Նոյեմբերի 22-ին, աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահի դահլիճում, տեղի ունեցավ «Գևորգյան պարի ակադեմիա»-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված երեկոն:
Նկատեմ, որ համերգասրահի 3332 տեղերը զբաղված էին:
Համերգը սկսվեց ճիշտ ժամանակին: «Բերդ» պարով մեկնարկեց համերգային ծրագիրը, ինչից հետո հնչեց ասմունքող Նունե Ավետիսյանի աստվածատուր ձայնը, ով իր բացման խոսքում նշեց. «...Այս համերգը մեր համայնքի պատմության մեջ աննախադեպ մի երևույթ է՝ հայ պարարվեստի անխոնջ մշակների տարիների վաստակը: Այսօր, նոյեմբերի 22-ին, դառնում է փառավոր մի էջ՝ լոսանջելեսահայ համայնքի կյանքում:
Քսան տարվա բեղուն աշխատանք, քսան տարվա ամենօրյա տքնաջան աշխատանքի ներդրում, որի արդյունքը այս երեկո կփայլի աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահի այս սքանչելի բեմահարթակում: Հայ ժողովուրդը իր դարավոր պատմության բոլոր ժամանակներում իր կրած բազում ցավերի ու կորուստների մեջ ունեցել է նաև փառավոր հաղթանակներ, և նրա վերելքների ճանապարհին մեծագույն դերակատարություն է ունեցել հայ մշակույթը: Այսօր, 21-դարում էլ, հայրենիքից շատ հեռու, կան այնպիսի նվիրյալներ, որոնք ստեղծագործում են և իրենց աշխատանքով արժանանում հայ և օտար հանդիսականների հարգանքին ու սիրուն: Այդ անխոնջ մշակներից են հայ պարարվեստի վաստակաշատ նվիրյալներ՝ Վարդան և Սիրանույշ Գևորգյանները:
20 տարի առաջ ծնունդ առած «Գևորգյան պարարվեստի ակադեմիան», այսօր զարդարում է մշակութային ամենամեծ ձեռնարկները, մասնակցում հայ և օտարազգի երաժիշտների համերգային աննախադեպ պարային ելույթներին: Անուրանալի ճշմարտություն է և փաստ, որ դպրոցի հիմնադիրները հայ պարարվեստի անխոնջ ծառաներ, անսահաման հմայիչ այս զույգը՝ Սիրանույշ և Վարդան Գևորգյանները, ոչինչ չխնայեցին կայացնելու մի դպրոց, որի անունը գիտեն թե՛ հայրենիքում և թե՛ նրա սահմաններից դուրս շատ համայնքներում: Այդ քսան տարիների արդար վաստակի համար է, որ այս երեկո մենք եկել ենք ծափահարելու մեր երեխաներին՝ այն 500-ին, որոնց փայլը է՛լ ավելի կշքեղացնի այս շքեղ հարթակը: Նրանց մեջ է նաև այն գեղեցկուհին, որի կոչումը ծնողներից ժառանգած տաղանդն է, որը նրան դարձրեց երրորդ կարևոր ուժը այս ակադեմիայում: Նա Վարդան և Սիրանույշ Գևորգյանների դուստրն է՝ Սոնա Գևորգյանը.....»:
Այս ելույթից հանդիսատեսը հասկացավ, որ համերգի կազմակերպիչները, գեղարվեստական ղեկավարը շատ ճիշտ ընտրություն էին կատարել Նունե Ավետիսյանի հարցում, քանի որ միայն նա կարող էր իր հզոր և ազդեցիկ ձայնով, այդ շքեղ դահլիճից հայտարարել երեկոյի բացումը:
Այնուհետ էկրանին ցուցադրվեց նաև «Գևորգյան պարի ակադեմիա»-ի ծննդյան և արդեն հարյուրավոր սաների անցած քսան տարիների բեղմնավոր աշխատանքը, անցած ճանապարհը, պատմության մեջ թողած ձեռագիրը, ձեռագիր, որն անշփոթելի է, որը կերտել էին 500 սաները՝ գլխավորությամբ Վարդան և Սիրանույշ Գևորգյանների, ինչպես նաև նրանց գեղեցկադեմ դստեր՝ Սոնա Գևորգյանի:
Ավելացնեմ նաև, որ հիանալի մատուցմամբ «Հայ ենք մենք», «Սասնա պար», «Հայերեն երգենք» և այլ պարերի անթերի կատարումներով սաներն իրենց դրական էներգիան փոխանցեցին բազմահազար հանդիսատեսին:
Կարեւոր է նաեւ նկատել, որ համերգի առաջին բաժնում հնչեց Արա Գևորգյանի ստեղծագործությունը, ով նույնպես ներկա էր դահլիճում, Արթուր Մեշչյանի «Ուր էիր Աստված» երգը, ինչպես նաև հայտնի դասականի պոեմից հատված, որն ասմունքեց Նունե Ավետիսյանը, ներկայացվեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված պարային բեմադրություն:
Աննկարագրելի էր Սոնայի մենապարը՝ Ցեղասպանության ժամանակ թուրքի յաթաղանից սպանված յոթ զավակների մոր խելագարության պահը, որն արտահայտեց Սոնան իր պարի միջոցով: Իսկ այդ պահին, բեմում, մթության մեջ, դանդաղ քայլում էին պարարվեստի սաները: Բեմի գունային էֆեկտները , ասմունքը, երեխաների տխուր ու լուռ քայլքը այնպես ճշմարիտ էր բեմադրված, որ մտովի հիշեցնում էր Դէր Զորի անապատներում մեր նախնիների տխուր ու անհույս վիճակը:
Միջոցառման ընթացքում դիտեցինք Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գևորգյանի շնորհավորական ուղերձը, ով իր խոսքում ասեց. «...Սրտանց, շատ սրտանց, շնորհավորում եմ իմ հարգելի, հարգարժան ընկերոջ ստեղծած պարի ակադեմիայի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ: Սրանից քսան տարի առաջ , Վարդան և Սիրանույշ Գևորգյանները, երբ ստեղծում էին դպրոց-ստուդիան, նրանք անգամ չէին էլ պատկերացնում, որ տարիներ հետո նրանց սաները նվաճելու են Կրեմլի համագումարների պալատը, եվրոպական շատ ու շատ բեմահարթակներ, ինչպես նաև ԱՄՆ հեղինակավոր բեմահարթակները: Նմանօրիանակ արվեստագետներ ինչպիսին են նրանք, սիրում ու գնահատում են հայրենիքում, քանզի, նրանց ազգանավեր գործնեությունը արժանի է փառաբանության: Կրկին շնորհավորելով նրանց, ցանկանում եմ ստեղծագործական բազում հաջողություններ, անսպառ երևակայություն, ի Փառս հայ մշակույթի և Հայաստան աշխարհի: Շնորհավոր»:
Շնորհավորական ուղերձ էին հղել նաև ՀՀ Մշակույթի նախարար տկն. Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար տկն. Հրանուշ Հակոբյանը:
Հրանուշ Հակոբյանն իր խոսքում բարձր գնահատեց պարի ակադեմիայի հիմնադիրների աշխատանքը, հավելելով «... Դուք Հայաստանում , Օպերայում ՝ թիվ մեկ բեմում, մշակութային հրավառություն իրականացրեցիք»: «....Դու՛ք իրական հայեր եք, դու՛ք մեծագույն մարդիկ եք, դու՛ք հայ մշակույթի պահապանն ու պաշտպանն եք: Ուզում եմ ձեզ մաղթել մեծ հաջողություններ, շատ համերգներ, անընդհատ և հզոր ծափողջուններ ու ծաղիկներ: Մենք ձեզ պարգևատրել ենք, կշարունակենք գնահատել ձեր աշխատանքը և ուզում եմ , որ այն ծաղիկները, որ այս պահի համար ձեզ եմ ուղարկում, լինեն իմ շնորհակալությունը ձեր փայլուն աշխատանքի»:
Հոբելյանական համերգի ավարտին պարախմբի բոլոր սաները, բնականաբար, բեմում էին, ուրախ էին, երբ սիրված ու հարգված Վարդան Թադևոսյանը բեմահարթակ հրավիրեց օրվա «մեղավորներին»՝ Վարդան, Սիրանույշ և Սոնա Գևորգյաններին: Պրն. Թադևոսյանը այնուհետև բեմ հրավիրեց Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի գերաշնորհ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, Գլենդել քաղաքի քաղաքապետ պրն. Արա Նաջարյանին, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ՝ տկն. Արմելա Շաքարյանին, սիրված երաժիշտ-կոմպոզիտոր հարգարժան Արա Գևորգյանին և դերասան Վահիկ Վիկ Փիրհամզեին ՝ իրենց շնորհակալական խոսքը փոխանցելու օրվա առիթով հիմնադիրներին և պարախմբի բոլոր սաներին:
Խորախորհուրդ էր Հովնան արք. Տերտերյանի խոսքը՝«...Այս երեկոն մեր ազգի կյանքի մեջ փաստորեն կխորհրդանշե վերածնուննդը մեր ազգի: «Գևորգյան պարային համույթի» 20-րդ տարեդարձը այսքան տոնական և հաղթական կերպով տոնախմբելը կնշանակե ամբողջ աշխարհին պատգամ հղղել, որ հայ ազգը գիտե շարունակել իր «բարի» պատերազմը, 100 տարի հետո, թուրքի յաթաղանի և Դէր Զորի անապատներից հետո մենք գտած ենք Լույսի և Հաղթանակի ճանապարհները՝ շնորհիվ ձեր նման աննման արվեստագետների...»: Շարունակելով իր խոսքը ասաց.« Սիրելի փոքրիկներ, սիրելի պատանիներ, և հրեշտակներ, այնքան գեղեցիկ կերպով այս բեմի վրա արտահայտվեցիք, լուռ քայլերով մեզ ներշնչեցիք նոր կյանք, ապրեցինք վերածնուննդը մեր հայրենիքի, մեր ժողովրդի և փառք մեր ժողովրդին, որ գիտե կյանքը նորովի վերափոխել...»:
Տեղեկացնենք, երբ Գլենդելի քաղաքապետ պրն. Արա Նաջարյանը հանձնեց շնորհակալական հավաստագիրը պարի ակադեմիային, բեմից հայտարարեց, ... եթե ընտրվի Լոս Անջելես մարզի վերահսկիչ ( LA County Supervisor) խոստացավ, «Գևորգյան պարի ակադեմիայի» հրաշք սաների համերգը կազմակերպել Դիսնեյի (Disney Hall) համերգային սրահում:
Նշենք, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ՝ հյուպատոս տկն. Արմելա Շաքարյանը շնորհավորեց պարախմբի սաներին՝ հրաշք երեկոյի համար և շնորհակալական հավաստագիր հանձնեց «Գևորգյան պարի ակադեմիային»:
Հրաշալի համերգի վերջում «Գևորգյան պարի ակադեմիայի» հիմնադիր ՝Վարդան Գևորգյանն, ով շատ հուզված էր, իր շնորհակալան խոսքն ասաց, Հովնան արք. Տերտերյանին, քաղաքապետ Արա Նաջարյանին, հյուպատոս Արմելա Շաքարյանին, Արա Գևորգյանին, Վահիկ Վիկ Փիրհամզեին, Վարդան Թադևոսյանին՝ համերգին իրենց ներկայության համար: Հատուկ շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին, պարախմբի հրաշք սաներին, նրանց ծնողներին, մասնավորապես նշելով, որ առանց այս հրաշք երեխաների չէր իրականանա քսան տարիների բեմական գործնեության հաջողության գրավականը: Առանձնակի շնորհակալական խոսքեր հղեց նաև միջոցառման հովանավորներին, մասնավորապես՝ «Արբատ» հանդիսությունների սրահի տնօրինությանը՝ Սարգիս և Նարինե Նիկողոսյաններին, և «Hye Pharmacy» տնօրինությանը՝ Պետրոս և Կարինե Տաղլյաններին, ովքեր երկար տարիներ աջակցել են պարախմբին:
Որպես վերջաբան այս հրաշք միջոցառման, մեջբերեմ Նունե Ավետիսյանի խոսքերը.«...Դահլիճում ներկա հին ու նոր սաների անունից, նրանց ծնողների և ամբողջ համայնքի անունից, եկեք խորին շնորհակալություն հայտնենք Գևորգյան պարի ակադեմիայի հիմնադիրներին, խոնարհվենք նրանց պարի գործի և ազգանավեր վաստակի առաջ: Բարի երթ քե՛զ, «Գևորգյան պարի ակադեմիա», բարի՛ տարեդարձ և երկա՜ր տարիների փառապանծ ճանապարհ»:
Հ. Գ. Այս պատմական իրողությունը «հակիրճ» ամրագրողի, շատ եմ ցանկանում, որ Գլենդելի քաղաքապետ պրն. Արա Նաջարյանը ընտրվի Լոս Անջելես մարզի վերահսկիչի պաշտոնում ՝ բեմահարթակից Դիսնեյի համերգասրահում պարախմբի հրաշք սաներին իր տված խոստումը իրագործելու համար:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 3056 անգամ