ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Հիմա ազատեցի՞ն գեներալներին, թե՞ փրկեցին նրանց
2016-05-04 15:59:00


Հիմա ազատեցի՞ն, թե՞ փրկեցին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով երեք բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններին, ասել է, որ բանակում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանավորված, իսկ հրամաններն ու որոշումները չեն քննարկվում: Սակայն նախարարը չի ասել, որ չքննարկելը մարդուն չի ազատում պատասխանատվությունից և ոչ էլ առանց պատճառի գեներալներ են հեռացնում համակարգից: Իսկ քանի որ պատճառը կա, պիտի լինի նաև հետևանքը:


Ապրիլյան ռազմական գործողություններից հետո ԶՈւ երեք չինովնիկների պաշտոնաթողությունն առավել քան հասկանալի էր մարդկանց համար: Օհանյանն էլ դա չի ժխտում: Ասում է, որ եռյակի հեռացումը «պահի հետ անկասկած կապ ունի և միտված Է ընդհանուր առմամբ մեր կառավարման համակարգն ավելի բարելավելու և ավելի պատշաճ մակարդակի բարձրացնելու համար»: Սակայն այս մտքից հետո նախարարն անմիջապես հավելում է, որ պաշտոնանկ եղած զինվորականները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, որովհետև նրանց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելու աստիճանի չի:


Նման պնդում հնչեցնելու համար պիտի հիմքեր լինեն: Այսինքն, գործեր կարող են հարուցվել իրավապահ մարմինների վերահսկողության ներքո, համապատասխան հետաքննությունների անցկացման շրջանակներում: Եվ միայն այդ մարմինները կարող են որոշել, թե արարքը ինչ չափով է պատժելի:

Բայց ո՞վ է հիշում, որ հեռացված երեք գեներալների գործով քննություն անցկացված լինի: Ոչ ոք, քանի որ նման բան չի եղել: Իսկ քանի որ չի եղել, հնարավոր չէ միանշանակ պնդել, եթե այդ մարդկանց գործունեության մեջ հանցավոր տարրեր չեն եղել:

Արդյունքում ստացվում է, որ պատերազմական իրավիճակում հանցավոր անփութություն թույլ տված գեներալներին ոչ թե ազատել են, այլ փրկել են՝ թույլ տալով հանգիստ, առանց կորուստների հեռանալ:

shame.am
Այս նյութը դիտել են - 2234 անգամ