Եթե երբևէ որևէ մեկը լուրջ վերաբերվեր ՀՀ ԱԺ նախագահ, հանրապետության թիվ երկրորդ ղեկավար Գալուստ Սահակյանին ու նրա արտահայտած մտքերին և մտածեր, թե այդ մտքերի տողատակերում թաքնված են ծանրակշիռ դատողություններ ու պետական պաշտոնյային վայել իմաստնություն, ապա նրա արտասանած յուրաքանչյուր խոսք առնվազն վերլուծության կենթարկվեր: Բայց քանի որ մարդն այդպես էլ չաճեց մինչև լրջություն և նույնիսկ մեծ գահավիժում կատարեց, այսօր արդեն Գալուստի խոսքն ուրախ ժամանցային գլուխկոտրուկի է վերածվել, որը լուծելու համար պարապ տանտիկինները նվիրում են իրենց ազատ ժամանակը:
Օրինակ, երեկ նա փորձել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ըստ իրեն՝ ինչո՞ւ մեր զինված ուժերը հարձակում չեն սկսում նույնիսկ այն պայմաններում, որ գրեթե ամեն օր սահմանին զոհ ենք ունենում: Ահա այս բավականին լուրջ հարցի մասին մեր բոլորի կողմից սիրված ԱԺ նախագահը բառացիորեն հետևյալն է ասել. «Քաղաքականության մեջ այդպես ուղիղ դատողություն գոյություն ունի: Քանի որ Ադրբեջանն այդպես է վերաբերվում, մենք անպայման պիտի հարձակվենք:
Մենք, ընդամենը լսելով միջազգային հանրությանը, կողմնակից ենք դրսևորումը խաղաղ ճանապարհով լուծելու համար»:
Մոլորակի վրա անհնար է գտնել որևէ հայագիտական կենտրոն, լեզվաբանական ինստիտուտ, որտեղ կկարողանան նրա միտքն ամբողջությամբ վերծանել: Ու քանի որ խնդրի լուծումը պրակտիկորեն անհնար է դարձել, ապա ոմանք արդեն սկսել են մտածել, թե հիվանդության օրերին Սահակյանն իր ժամանակն արդյունավետ է օգտագործել և յուրացրել է չինարենը կամ գոնե այդ լեզվի բարբառային խակկա խմբի խոսելաձևը:
Հետգրություն
Գալուստ Սահակյանը ՀՀ երկրորդ պաշտոնական դեմքն է: ֆորս մաժորային իրավիճակում հենց նա է, ով կգլխավորի ՀՀ Զինված ուժերը և պետությունն ընդհանրապես: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի Հայաստանի հետ...
Աստված պաշտպանի Հայաստանը Գալուստ Սահակյանինց:
Այս նյութը դիտել են - 1410 անգամ