Հալեպահայ փոքրիկներն իրենց խնայողությունները ուղարկում են Արցախ
2016-05-05 09:50:00

Հակառակ Սիրիայում տիրող ծանր իրավիճակի, Հալեպի Ազգային Սահակյան և Զավարյան վարժարանների աշակերտները փորձում են իրենց զորկացությունը հայտնել Արցախին ու իրենց փոքրիկ, բայց անչափ խորհրդանշական ներդրումն ունենալ:

Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Բերիո Հայոց թեմի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը «Հայերն այսօրին» հայտնում է, որ վարժարանների աշակերտները իրենց առօրյա ծախսը խնայելով՝ «փոքրիկ» խնայողությունները որոշել են հատկացնել արցախյան գոյապայքարի մասնակիցներին, Արցախի իրենց հայրենակիցներին:

«Սա գոյատևելու հաստատակամության լավագույն արտահայտությունն է: Այսօր հալեպահայ մանուկն ու պատանին իր ապրած դժվարությունների, ռմբակոծությունների ու անապահով իրավիճակի ծանրությունը սեփական մաշկի վրա զգալով, ուրիշներից շատ ավելի լավ է հասկանում, թե ինչ է նշանակում պատերազմ, ինչ է նշանակում վտանգված լինել»,- նշեց Ժիրայր Ռեիսյանը:

Հավելենք, որ հալեպահայ փոքրիկներն իրենց նվիրատվությունը կատարել են մայիսի 3-ի առավոտյան՝ տարեվերջյան քննությունից առաջ, երբ քաղաքը հրթիռակոծության և պայթյունների տարափի տակ էր:

Հալեպ1Հալեպ2 Հալեպ3Հալեպ4 Հալեպ5

Այս նյութը դիտել են - 1806 անգամ