Ոչ մի օր առանց օֆշորի
2016-05-04 23:24:00


Ոչ մի օր առանց օֆշորի

Օֆշորը մեր երկրին նվիրեցին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ Սրբազանը: Այս նորամուծությունը շատերին դուր եկավ: Ու այնքան գայթակղվեցին, որ մի օր առավոտյան արթնացան ու պարզեցին, որ համակարգը հաճելիորեն օֆշորացված է: Ափսոս միայն, որ ամեն բան իդեալական չէր ու ժամանակ առ ժամանակ անցանկալի «արտանետումներ» էին լինում սկանդալային բացահայտումների տեսքով: Դրանց վերջին զոհն էլ դարձավ ԴԱՀԿ պետ Քեթրինի Միհրանը:


Այս բոլորից հետո թվում էր, թե մի քիչ կսթափվեին ու կիջնեին ընդհատակ՝ մինչև աղմուկը հանդարտվեր: Բայց պարզվեց՝ ոչ: Օֆշորի ուժն ավելին է, քան կարելի է կարծել: Եվ հիմա մենք ականատեսն ենք լինում նոր դրսևորման հասունացմանը:


Սեղանի վրա է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագիրը: «Դվինում» պետք է ներդրում կատարի բոլորի համար անհայտ Սի- ՍԻ- Ջի կովկասյան կոմունիկացիոն խումբ ընկերությունը: Սակայն այս անհայտը ֆանտաստիկ թվերի մասին է խոսում՝ խոստանալով 120 միլիոն դոլարի ներդրում: Խոստանում է «Դվինը» դարձնել «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոց՝ միջազգային չափանիշներին համապատասխան:


Իսկ հիմա տեսնենք, թե այդ ինչ կախարդական փայտիկով է կիսափուլ խրճիթը վերածվում արքայական պալատի: Պարզվում է, որ վերոնշյալ Սի-Սի-Ջի ընկերությունը (CCG Caucasian Communication Group Limited) գրանցված է ոչ այլուր, քան մեր բոլորի կողմից շատ սիրված Կիպրոսում: Այսինքն, հենց այնտեղ, որտեղից առաջին անգամ առանք օֆշորի հոտը: Ու եթե վաղը հանկարծ պարզվի, որ հիմա էլ «Դվինի» ներդրումային ծրագրի քողի տակ են օֆշորային եղանակով փողեր լվացվում, պիտի առաջվա պես չզարմանանք: Երկիրն անցնում է նոր ռեժիմի՝ ոչ մի օր առանց օֆշորի:

shame.am

Այս նյութը դիտել են - 1169 անգամ