Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանն ու նրա մոտ ընկերը՝ Աղասի Ալեքյանը, որը 32 տարի է՝ բնակվում է Նիժնի Նովգորոդում եւ միշտ օգնել է հայրենիքին, այսօր Արցախ տեղափոխեցին «Գազ-66» մակնիշի մեքենա:
Ըստ Աշոտ Գիզիրյանի՝ այն կարող է ծառայել որպես շարժական բաղնիք՝ դիրքերում կանգնած մեր զինվորների համար: Մեքենան գնել է Աղասի Ալեքյանը, որը նաեւ 200 հազար դոլար է փոխանցել Արցախին, բացի այդ, 1000-ական դոլարներ հատկացրել բոլոր նահատակված հերոսների ընտանիքներին:
Աղասի Ալեքյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Արցախ են գնում, նախ և առաջ հանդիպելու, զրուցելու ու իրենց շնորհակալությունը հայտնելու մեր զինվորներին, օգնելու վիրավորներին, ինչպես նաեւ մի փոքր ուշադրություն են ցուցաբերելու նահատակված հերոսների ընտանիքներին: «Անում ենք, որ մեր հոգին հանգիստ լինի ինչ-որ տեղ ու ինչ-որ ձեւի, ու միշտ անելու ենք:
Ամենակարեւորն այն է, որ հայրենիքդ չմոռանաս, ով կարող է օգնել, պարտավոր է օգնել հայրենիքին, փոքրիկ Հայաստանը մենակ չէ, Սփյուռքը իր հետ է»,- ասաց Աղասի Ալեքյանը:
aravot.am