Սերժ Սարգսյան և Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպումը ոմանք գնահատեցին երրորդին՝ Ռոբերտ Քոչարյանին չեզոքացնելու նախագահական պարտիա: Ու հիմա տպավորություն է ստեղծվում, որ Քոչարյանն ինքն էլ հենց այդպես է հասկացել կատարվածը և որպես պատասխան քայլ առաջնագիծ է ուղարկել իր հնազանդ քարոզչական մեքենան՝ հանձին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի:
Ի՞նչ պիտի խոսի սա: Կես ժամ տևողությամբ ելույթում 8 անգամ պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ հետո մոռացավ, որ Սարգսյանն արդեն հրաժարական տված պիտի լիներ ու «պաշտոնաթող» նախագահին կարգադրեց, որ վարչապետ նշանակի Ռոբերտ Քոչարյանին: «Սարգսյանը կարող է վարչապետ նշանակել այն մարդուն, ով կարող է երկիրն այս վիճակից դուրս բերել: Միակ մարդը Ռոբերտ Քոչարյանն է, նա բազմիցս ապացուցել է, որ կրիտիկական պահերին վերցրել է երկիրը ճգնաժամից դուրս բերելու պատասխանատվությունը»,- ասաց Արամ Հարությունյանը՝ իր թեթև ձեռքով փոխելով երկրորդ նախագահի կարգավիճակը, քանի որ ժամանակին նա համարվում էր միակ տղամարդը:
Մի փոքր դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ Քոչարյանի վիճակն այն աստիճան է անհույս, որ փրկության է կանչել Նուռ Արամի նման անլուրջ երևույթին և հույսեր է փայփայում, թե նրա հնչեցրած ֆանտաստիկ առաջարկը անմիջապես կյանքի կկոչվի: Մյուս կողմից էլ, հիշելով Քոչարյանի հայտնի բարդույթը իր անձի բացառիկության նկատմամբ, սկսում ես հավատալ, որ բանն արդեն դրան է հասել: Պարզապես ողբերգության պես մի բան է, երբ միակ տղամարդուց մինչև միակ մարդը ընկած ճանապարհը անցնում է Արամ Հարությունյանի խորդուբորդ ուղեղով: Իսկ այստեղ սայթաքելն ու լուրջ վնասվածքներ ստանալը երբեք չեն բացառվի: