Պաշտոնյաները դղյակներ են կառուցում, բայց զինվորի բլինդաժը փլվում է
2016-05-05 05:39:00


Ինչ հեշտ ենք ասում՝ բլինդաժը փլվեց, երկու զինվոր մահացավ: Մենք արդեն դադարել ենք զինվորի մահը ողբերգություն, համազգային ողբերգություն ընկալել: Լավ, բլինդաժ սարքողը պատասխանատվություն չունե՞ր, ինչո՞ւ փլվեց, այս հարցում ի՞նչ շինանյութ էր գողացվել կամ խնայվել: 

Մի քանի օր առաջ «Արաբոյի» լեգենդար հրամանատար Մանվել Եղիազարյանը ասել էր, թե մեր խրամատները երկրորդ համաշխարհայինի խրամատների նման են: ՊՆ խոսնակը թեեւ հարգանքով, բայց հակադարձել էր, թե դրանք նույնն են. խրամատը խրամատ է: 
Լավ, խրամատները խորը չեն, պատասխանատու չկա: Բլինդաժները փլվում են,` պատասխանատու չկա: Ռուսական ժամանակակից զենքը բերելու հարցը անթույլատրելիորեն ուշացվել է, պատասխանատու չկա, Սամվել Բաբայանի նամակը կարդացող չի եղել, պատասխանատու չկա: Բարձրաստիճան պաշտոնյաները դղյակներ են կառուցում, բայց զինվորի բլինդաժը փլվում է: 18 տարեկանի մահը դարձել է սովորական լուր, իսկ Երեւանի ռեստորաններում, համերգասրահներում կյանքը շարունակվում է նույն ճոխությամբ: Բանակում չծառայած ջահել–ջիվան պատգամավորներն առաջարկում են բոլոր 18 տարեկաններին տանել հերոսության:

Ձեզնի՛ց սկսեք:

Գնացե՛ք կրակել սովորեք, ծառայե՛ք հայկական բանակում, գոնե ձեր գլխի համար ամրացրեք բլինդաժը: Ինչ է եղել: Տպավորություն է, որ երկրում չկա պատասխանատվություն:
Ի դեպ, որոշ լուրերի համաձայն՝ երեկ ԱԺ-ում հանձնաժողովի փակ նիստի ժամանակ ՀՀԿ պատգամավորներից մեկն առաջարկել է Սեյրան Օհանյանին այսուհետ դիմել Սպարապետ կոչումով: Լավ, գոնե հիմա մի՛ քծնեք, չես ամաչո՞ւմ, պարո՛ն պատգամավոր:

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

 

Այս նյութը դիտել են - 1747 անգամ