Այս դժվար օրերին մարդիկ նաև հիշեցին, որ երկիրն ակադեմիա ունի, գիտնականներ ունի, բյուջեի հատկացումներ ունի այդ հաստատությանը, որ սա էլ իր հերթին պիտի մտահոգվի պետության անվտանգության հարցերով:
Հիշեցին նաև գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար ծերակույտին և նրանց պարագլուխ Ռադիկ Մարտիրոսյանին: Ու հարցրեցին. «Ի՞նչ եք արել այսքան տարի»: Հարցրեցին ու հիշեցրին, որ մի ժամանակ մեծ-մեծ խոսում էին ռազմարդյունաբերական համալիրի մասին, ցուցադրում էին նոր զինատեսակներ, ասում էին, որ ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներում պարգևներ են ստացել:
Ռադիկ Մարտիրոսյանն այդ բաները լավ է հիշում, բայց ձև արեց, թե իբր մոռացել է ու սկսեց իր գիտական բարձունքներից դասեր տալ: «Պարզվում է, որ զենք արտադրելը շատ բարդ խնդիր է: Նախ դու պետք է կարողանաս այդ արտադրությունը կազմակերպել, երկրորդը՝ դրա համար անհրաժեշտ է միջոցներ ներդնել: Հետո պիտի վաճառես, որ ներդրած գումարդ հետ բերես, այլապես տնտեսություն չի զարգանա, դա բիզնեսի օրենքներից է»,- տեղեկացրեց նա և այն տպավորությունը ստեղծեց, որ ինքն էլ է դա բոլորովին վերջերս պարզել: Իսկ քանի որ այսքան բան միանգամից իմացել էր, ապա շատ հեշտ էր նաև մնացածի մասին խոսել, այսինքն` արդարանալ, թե ինչու են տարիներ շարունակ ձեռքերը ծալած նստել:
Եվ սկսեց հեքիաթի ժամը:
«Հիմա ենթադրենք մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն, պիտի դուրս բերենք, իսկ դրսում մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»,- ասում է ակադեմիկոսը:
Որ Մարտիրոսյանի քթին խփել են, դա պիտի վաղուց ենթադրած լինեինք, բայց հազիվ թե այդ դեպքը պատահած լինի զենքի շուկայում: Իսկ որ Հայաստանի ԳԱԱ նախագահի համար իր երկիրը քոսոտ է, սա էլ դրա հավելավճարն է: Սակայն ինչո՞ւ մեղադրես մարդուն:
Քոսոտ երկրին՝ քոսոտ ակադեմիկոս, ով ոչինչ չի արել, չի ուզում անել և չի անելու երկիրը երկիր դարձնելու համար: Միայն սովոր է քթին հարվածներ ընդունել, ինչպես լինում է բակի այն տղաների հետ, որոնք միշտ քթներին ուտում են, որովհետև թուլամորթ են, նվնվան ու փսլնքոտ: Իսկ հետո մեծանում են ու դառնում են ակադեմիկոս, բայց էլի մնում են առաջվա հայաթի լակոտը: