Փարիզում 196 երկրներից ժամանած պատվիրակները շաբաթ օրը կնքեցին երկրագնդի ջերմացման արագությունը նվազեցնելու մասին կարեւոր մի համաձայնագիր: Այս համաձայնագիրն առաջինն է, որն աշխարհի բոլոր երկրներին հորդորում է սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները:
Վերջնական համաձայնագիրը կնքելու մասին հայտարարությունը Փարիզի վեհաժողովների սրահներում ընդունվեց ուրախ բացականչություններով, գրկախառնություններով ու երկարատեւ ծափահարություններով:
Համաձայանգրի նախագիծը, մինչեւ դրա ընդունումը, մոտ յոթ ժամ դրվել էր քննարկումների շրջանառության մեջ, որի ընթացքում 42 էջանոց նախագիծը վերածվեց 31 էջանոց համաձայնագրի:
Համաձայնագրի նպատակն է ջերմացման մակարդակը պահպանել մինչեւ երկու աստիճանը, ջերմացման դեմ պայքարի շրջանակներում 1ՕՕ միլիարդ դոլարի ներդրումներ կատարել աղքատ երկրներում, առաջընթացը ստուգել ու վերանայել յուրաքանչյում 5 տարին մեկ անգամ, ու ածխածնային արտանետումները կրճատել հնարավորինս կարճ ժամկետներում:
Ելույթ ունենալով Սպիտակ տնից` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս համաձայնագիրն անվանեց “մեր մոլորակը ներկայիս նման պահպանելու ամենալավ հնարավորություն”:
Նրա խոսքերով, “այս պահը կարող է դառնալ աշխարհի համար շրջադարձային մի կետ: Մենք բոլորս միասին ցույց տվեցինք, որ աշխարհն ունի այս մարտահրավերը հաղթահարելու ե′ւ կամք ե′ւ կարողություններ”:
Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հայտարարեց, “Պատմությունը հիշելու է այս օրը: Կլիմայական փոփոխություններին նվիրված Փարիզյան համաձայնագիրը սքանչելի հաջողություն է մեր մոլորակի ու նրա մարդկության համար”, հայտարարեց նա:
Իսկ բանակցությունների ընթացքը նախագահող, Ֆրանսիայի արտգործնախարար Լորեն Ֆաբիուսը, կնքված փաստաթուղթը պատմական շրջադարձ անվանելով` ասաց, թե “համաձայնագիրը 7 մլրդ. 3ՕՕ միլիոն մարդու փրկելու է համաշխարհային ամենաավերիչ ջերմացումից”:
Այս նյութը դիտել են - 1757 անգամ