Երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության, մտահոգության առիթ է մեզ համար
2016-05-06 10:31:00

ԱՄՆ-ի պետդեպարտամենտում կայացած ամենօրյա ճեպազրույցի շրջանակում կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները խոսել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի մասին:

«ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը դիմել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասին` կոչ անելով հրապարակայնորեն դատապարտել Թուրքիայի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչ Կարո Փայլանի նկատմամբ իրականացված հարձակումները, ինչպես նաև զբաղվել վերջինիս անվտանգության ապահովման հարցով: Դուք հետևո՞ւմ եք այս իրավիճակին, որևէ մեկնաբանություն կարո՞ղ եք անել այս հարցի շուրջ»,-հետևյալ հարցադրմամբ դիմել է լրագրողներից մեկը:

Սակայն Թոներն անկեղծորեն ասել է, որ տվյալ հարցում չի տիրապետում մանրամասն տեղեկությունների։


«Սակայն ակնհայտ է, որ ցանկացած դեպք, երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության, մտահոգության առիթ է մեզ համար: Բայց քանի որ ես այս հարցի շուրջ մանրակրկիտ տեղեկությունների չեմ տիրապետում, կհրաժարվեմ հետագա մեկնաբանություններից»,-շարունակել է Թոները:

Այս նյութը դիտել են - 1374 անգամ