Հանքարդյունահանում հանուն զարգացման, թե՞ համակարգված թալան
2015-12-14 10:00:00

Անվիճելի է, որ լեռնահանքային արդյունաբերության տարբեր ճյուղերը և հատկապես մետաղական օգտակար հանածոների արդյունահանումն ու վերամշակումն անդառնալի վնաս են հասցնում բնությանն ու մարդկանց առողջությանը, ինչով էականորեն տարբերվում են մարդու տնտեսական գործունեության այլ տեսակներից: Սակայն այդ գործունեությամբ զբաղվող ընկերությունները երկար ժամանակ պնդում էին, որ, այսպես կոչված, «կայուն» հանքարդյունաբերության դեպքում կարելի է շրջակա միջավայրին գրեթե վնաս չհասցնել։

Այժմ, երբ այս պնդումը շատ բարդ է հիմնավորել, նրանք սկսել են օգտագործել «պատասխանատու» հանքարդյունաբերություն եզրույթը, որի հիմնական գաղափարն է տնտեսական զարգացման, կորպորատիվ շահույթի և սոցիալական ծրագրերի քողի տակ թաքցնել իրական վտանգներն ու չեզոքացնել հանրային քննադատությունը։ Եվ այս ամենը շատ ավելի վտանգավոր է Հայաստանի նման աշխարհագրական փոքր տարածք, սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բնակչություն, անարդյունավետ ու կոռումպացված կառավարում ունեցող երկրների համար։

Բոլորիս լավ հայտնի է, որ թույլ զարգացած երկրների բնական պաշարները դիտվում են իբրև «համեղ պատառ» զարգացած պետությունների համար։ Համաշխարհային հանքարդյունաբերական «մեքենան» և տարբեր ֆինանսական կազմակերպությունները գեղեցիկ տերմինների, խոստումնալից բառերի և միջազգային չափանիշների անվան տակ շարունակում են անխնա շահագործել այդ երկրների բնական պաշարները, հնարավորինս ցածր հարկեր և այլ տուրքեր վճարելով արդյունահանում են օգտակար հանածոներն ու հեռանում՝ թողնելով բազմաթիվ էկոլոգիական և սոցիալական խնդիրներ: Ակնհայտ է, որ դա անհնար կլիներ իրականացնել առանց հանքահումքային կցորդ դարձած այդ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվ մասնակցության և աջակցության, որոնք «ջանք» չեն խնայում այդ պաշարների թալանն արագ և անխափան իրագործելու համար, քանզի այդ ամենից որոշակի բաժին հասնում է նաև իրենց:

Սա է հիմնական պատճառներից մեկը, որ Հայաստանի մետաղական օգտակար հանածոների պաշարների նկատմամբ տարբեր ընկերությունների հետաքրքրությունը չի մարում, և շարունակ քննարկվում է այդ ոլորտում ներդրումներն ավելի արդյունավետ և գրավիչ դարձնելու հարցերն ու նորանոր մետաղական հանքավայրերի, նույնիսկ՝ հանքերևակումների ներգրավումը շահագործման մեջ:Poster

Ներկայումս մեր երկրում կառավարական մակարդակով որոշումներ կայացնողներին ևս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի ընդամենը 29,7 հազար քառ․ կիլոմետր տարածք, որտեղ արդեն իսկ արդյունահանման իրավունք ունեն մոտ 460 հանքավայր, որոնցից 27-ը մետաղական են, մոտ 85 մետաղական հանքավայր էլ գտնվում է ուսումնասիրման փուլում և սպասում է շահագործման: Այդ ամենի արդյունքում արդեն իսկ ունենք մոտ 800 միլիոն տոննա պոչանքներով լցված 25 գործող և կոնսերվացված պոչամբարներ, որոնք հագեցած են բազմաթիվ ծանր մետաղներով և այլ վտանգավոր նյութերով: Այսպիսի տեմպերով շարունակելու պարագայում 2-3 տասնյակ տարի հետո Հայաստանի տարածքում կլինեն թունավոր ու կյանքի համար խիստ վտանգավոր հարյուրավոր պոչամբարներ, որոնք կործանարար կարող են դառնալ Հայաստան երկրի և նրա բնակչության համար:

Բոլոր այն գիտունիկներին և ընդերքօգտագործող ընկերությունների ղեկավարներին, ովքեր ամեն անգամ Հայաստանում հանքարդյունահանման նման արագ տեմպերով զարգացման անհրաժեշտությունը հիմնավորելու նպատակով համեմատում են մեր երկիրը Կանադայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Շվեդիայի կամ Ռուսաստանի հետ, խորհուրդ ենք տալիս դեմագոգիայով զբաղվելու փոխարեն բացել աշխարհի քարտեզն ու համեմատել Հայաստանի և այդ երկրների տարածքների չափերը, ինչպես նաև բնակչության և կենսաբազմազանության խտությունը։ Խորհուրդ ենք տալիս նաև լավ ուսումնասիրել այդ երկրների օրենսդրական և հարկային դաշտը, համեմատել այն մերի հետ, որից հետո միայն խոսել նորանոր հանքավայրերի շահագործման անհրաժեշտության մասին, ամպագոռգոռ հայտարարություններ անել կամ երկրի փրկիչներ ներկայանալ (տես թեկուզ Lydian International ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի «Ամուլսարի հաջողությունը Հայաստանի հաջողությունը կդառնա» վերտառությամբ հարցազրույցը)։

Հանուն կարճաժամկետ շահի ոչնչացվում են հարյուրավոր տարիների ընթացքում ստեղծված անտառային էկոհամակարգեր` ինչպես, օրինակ, Թեղուտի անտառն է: Հազարավոր հեկտար տարածքներ արդեն իսկ անդառնալի կորսված են՝ մնալով բացահանքերի և դրանց մակաբացման ու դատարկ ապարների տակ, իսկ հողերը հարստացած են ծանր մետաղներով և այլ վտանգավոր նյութերով: Մակերևույթային և ստորերկրյա ջրերն աղտոտվում են պոչամբարներից բաց թողնվող թափոնաջրերից, արտահոսքերից և ներծծումից, որոնք հետագայում օգտագործվում են ոռոգման և այլ նպատակներով։ Այդ ամենի հետևանքով ծանր մետաղները տեղափոխվում են գյուղատնտեսական մշակաբույսերի, խոտհարքերի ու այլ մթերքների (միս, կաթ, մեղր և այլն) մեջ և սննդային շղթայով հասնում են մարդկանց օրգանիզմ՝ դառնալով տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ (կարող եք նայել համապատասխան գիտական հետազոտությունները):

Իհարկե, շատ հրապուրիչ է շահագործել Հայաստանի մետաղական օգտակար հանածոները, քանզի մեր պետությունը կառավարողները ժողովրդին պատկանող հարստությանPoster2օգտագործման իրավունքը ոչ միայն հարյուր տոկոսով տրամադրել են հիմնականում օֆշորային գոտիներում գրանցված օտարերկրյա ընկերություններին, այլ նաև ստեղծել են այնպիսի օրենսդրական և հարկային դաշտ, որ հանքարդյունահանողները հայտնվել են իսկական հարկային դրախտում: Բնության կողմից մեզ և հաջորդ սերունդներին շնորհված պաշարներն արդյունահանելու դիմաց սահմանված են վճարման ենթակա այնպիսի հարկեր, որոնք գրեթե չեն տարբերվում տնտեսության այլ ոլորտներում սահմանվածներից, այն դեպքում, երբ դրանք պետք է շատ ավելի մեծ լինեին:

Հայաստանում այդ ընկերություններն ամբողջովին ազատված են նաև պոչանքների, լցակույտերի և մակաբացման ապարների տեղադրման համար գանձվող վճարներից, որոնք եթե հարկվեին նույնիսկ ամենացածր դրույքաչափերով, ապա կկազմեին տարեկան 100 միլիոնավոր եվրո գումարներ, ինչը շատ ավելի մեծ թիվ կկազմեր, քան նրանց կողմից ներկայումս վճարվող տարեկան բոլոր հարկերն ու այլ վճարները միասին վերցված: Մեզ մոտ չկա նաև շատ այլ երկրներում կիրառվող պետական այն հատուկ դրամագլուխը, որտեղ կուտակվում են շատ լուրջ գումարներ ընդերքօգտագործման եկամուտներից՝ շրջակա միջավայրի պահպանության և հնարավոր բնապահպանական վնասի փոխհատուցման համար։

Այս ամենի հետևանքով ընդերքօգտագործումից առաջացած եկամուտների առյուծի բաժինը մնում է օֆշորային ընկերություններին, ինչպես նաև դրանց ետևում թաքնված հայ բարձրաստիճան պաշտոնյաներին և միջազգային տարբեր ֆինանսական կազմակերպություններին, որոնց անմիջական ջանքերի և պարտադրանքի արդյունքում են Հայաստանում ընդունվել այս թալանն ապահովող բոլոր օրենքներն ու կառավարական որոշումները։

03 poster
Դատարկ ու սին են նաև աշխատատեղեր ստեղծելու մասին հայտարարությունները, քանի որ համաձայն ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013թ․-ին հանքագործության և բացահանքերի շահագործման ոլորտում աշխատել է ընդամենը 9 400 մարդ, ինչը կազմել է բնակչության զբաղվածության ընդամենը 0,8%-ը, իսկ Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ այդ ոլորտի մասնաբաժինը կազմել է 4,5%: Այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև այն փաստը, որ այս ոլորտում ստացվող արդյունքի մոտ 95%-ը ապահովվում է 5-6 խոշոր և արդեն շատ վաղուց շահագործվող հանքավայրերի շնորհիվ։

Եվ սրանք բոլորն անժխտելի փաստեր են, որոնք մեզ բերում են հստակ եզրահանգման և կարգախոսի՝ ՈՉ ՄԻ ՆՈՐ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, մինչև կիրականացվեն համակարգային, արմատական լուրջ փոփոխություններ, որոնք են՝

1. հանքարդյունահանման ոլորտի զարգացման համալիր ռազմավարության մշակում, որը հիմնված կլինի տարբեր ծրագրերից ակնկալվող շահույթի և երկարաժամկետ էկոլոգիական վնասի իրական և գիտականորեն հիմնավորված գնահատման վրա,

2. ընդերքօգտագործման և բնապահպանական ոլորտի օրենսդրական դաշտի լուրջ վերանայում, հարկերի, այլ վճարների ու տուգանքների դրույքաչափերի զգալի ավելացում,

3. պոչամբարների դասակարգում՝ ըստ վտանգավորության, և թափոնների հարկում։ «Աղտոտողը վճարում է» սկզբունքի կիրառում, ընդ որում՝ այդ վճարները պետք է համարժեք լինեն շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչներին հասցված վնասին,

4. բոլոր հանքահարստացման կոմբինատներում և պոչամբարներում ջրի շրջանառու համակարգերի ներդնում, ինչը կբացառի կորզաթափոնների արտահոսքերը շրջակա միջավայր: Իսկ մինչ այդ խիստ վերահսկողության սահմանում արտանետման կետերում՝ իրականացնելով պարբերական նմուշառումներ և հետազոտություններ,

5. գործող և կոնսերվացված բոլոր պոչամբարներում ուսումնասիրությունների իրականացում տեխնիկական անվտանգության առումով, հատկապես պատվարների կայունության գնահատում արտակարգ իրավիճակների դեպքում՝ երկրաշարժեր, սողանքներ, սահքեր, ջրհեղեղներ և այլն,

6․ խստագույն պետական և հանրային վերահսկողություն ընդերքօգտագործման բոլոր փուլերում, հանրայնացնել ընկերությունների բնապահպանական կառավարման պլանների համաձայն իրականացրած մշտադիտարկման արդյունքները: Շահագործման ընթացքում շրջակա միջավայրի ու ազդակիր բնակչության առողջության վիճակի պատշաճ մշտադիտարկում և հանրային լայն իրազեկում,

7. նոր հանքավայրերի շահագործման փոխարեն պոչամբարներում արդեն առկա բազմատեսակ օգտակար տարրերի տնտեսական գնահատում և դրանց կորզման իրականացում։ Մասնագետների հաշվարկների համաձայն՝ դա ավելի եկամտաբեր և շատ անգամ պակաս վնասակար կլինի, քան ասենք Թեղուտի կամ Ամուլսարի հանքավայրերի շահագործումը,

8. գործող հանքավայրերի արդյունավետության բարձրացում՝ մասնավորապես հանքաքարից հիմնական մետաղների կորզումը հասցնելով 90-95 տոկոսի, ներկայիս 65-70%-ի փոխարեն։ Իրականացնել նաև հարակից օգտակար և բավական թանկարժեք տարրերի կորզում,

9. բնապահպանական դրամագլխի ստեղծում, ուր ընդերքօգտագործողները կվճարեն լուրջ գումարներ՝ շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանության, աղտոտված տարածքների վերականգման, հնարավոր վթարների հետևանքների վերացման, ինչպես նաև անկախ և օբյեկտիվ գիտական հետազոտությունների իրականացման համար։

Իհարկե, կարելի է բազմաթիվ այլ առաջարկություններ էլ ներկայացնել։ Սակայն ստիպված ենք փաստել, որ դրանք կարող են իրականություն դառնալ միայն այն դեպքում, երբ ունենանք Հայաստան աշխարհի ապագայով իսկապես մտահոգ և արհեստավարժ կառավարիչներ, որոնք ցանկություն կունենան և ի վիճակի կլինեն ընդունել ճիշտ որոշումներ, վերջապես կհասկանան, որ մետաղական օգտակար հանածոների պաշարները մի օր սպառվելու են, և անհրաժեշտ է դրանց շահագործումից ստացված գումարները ծառայեցնել Հայաստանի իրական հզորացմանն ու տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը, այլ ոչ թե օֆշորներում գրանցված ընկերությունների և մի քանի ընտանիքների հարստացմանը։

Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին և արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին անտարբեր չլինել այս կործանարար գործընթացի նկատմամբ և գիտակցել, որ եկել է մեր բոլորի ընտրության պահը՝ հանքավայրերի շահագործում հանուն մեր պետության զարգացման, թե՞ մեզ և հաջորդ սերունդներին պատկանող բնական պաշարների համակարգված թալան:

Արդյունքը կախված է յուրաքանչյուրիս դիրքորոշումից և գործողություններից։

Հ.Գ. Բոլորի ուշադրությանն ենք ներկայացնում երկու տեսաֆիլմ, որոնք պատմում են այն մասին, թե ո՞վ և ինչպե՞ս է շահագործում Հայաստանի ընդերքը: Ի՞նչ բնապահպանական և առողջապահական խնդիրների է հանգեցնում հանքերի շահագործումը: Եվ, վերջապես, ի՞նչ է ստանում մեր ժողովուրդն այդ ամենից:

«Հայաստանի կոտրվող ողնաշարը» – բնապահպանական-փաստագրական տեսաֆիլմ


Այս նյութը դիտել են - 2010 անգամ