Մեր ամբողջ սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի խոշոր կուտակումները տագնապալի տրամադրություն են ստեղծել: Այս օրերին գրեթե բոլորի մոտ անհանգիստ սպասում կա, նույնիսկ մոտավոր օրեր են նշվում, թե երբ կրկին կվերսկսվեն լայածավալ մարտական գործողությունները: Եվ ահա հենց այս ժամանակ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդես է գալիս հարցազրույցով ու ասում է, որ պատերազմ չի լինելու:
«Էվոլյուցիա» հաղորդման հեղինակի այն հարցին, թե արդյո՞ք մեծ է հավանականությունը, վարչապետը պատասխանել է, որ բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ ոչ, քանի որ մեր բանակը մարտունակ է, այն հիմնական պարամետրերով չի զիջում ադրբեջանական բանակին, ավելին՝ հայ զինվորի ոգին անհամեմատ բարձր է, իսկ այս ժամանակահատվածում բոլորիս պատրաստականությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Այս և այլ հանգամանքներով պայմանավորված՝ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել, քանի որ շատ լուրջ հակահարված կստանա:
Սա, անշուշ, բավականին լիցքաթափող կանխատեսում է: Բայց արդյո՞ք լուրջ է ու վստահություն ներշնչող: Մենք այս հարցը տալիս ենք ոչ պատահական՝ հրաշալի գիտակցելով, որ ԼՂՀ վարչապետը բավականին տեղեկացված մարդ է ու հենց այնպես ոչինչ չէր ասի: Սակայն դրան զուգահետ մենք ունենք տարիների դառը փորձը, իսկ այդ փորձը մեզ միանգամայն այլ բան է հուշում:
Այսօր թերևս ոչ ոք չի մոռացել, որ տարիներ շարունակ՝ ընդհուպ մինչև այս տարվա ապրիլի սկզբը, պարբերաբար մեզ վստահեցրել են, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի:
Այդ մասին ասել են պետության առաջին դեմքերը, կուսակցական լիդերները, քաղաքական գործիչները, զանազան վերլուծաբաններ, ռազմական փորձագետներ, զինվորական պատասխանատուներ, դիվանագետներ, տեսաբաններ, միջազգայնագետներ և այսպես շարունակ: Ասել են հարյուրավոր անգամներ:
Կարելի է նույնիսկ մեկ առ մեկ մեջբերել նրանց բանավոր ու գրավոր ելույթների այդ հատվածները: Եվ ասել են ճիշտ այն հիմնավորումներով, որոնք այսօր օգտագործում է Արայիկ Հարությունյանը:
Իսկ ինչ եղա՞վ: Ապրիլի 2-ին Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա: Ստացվեց, որ մեզ մոլորեցրել են, կեղծ հույսեր են ներշնչել, սխալ հաշվարկներ են կատարել, անիրատեսական եզրահանգումներ են արել: Ու հիմա եթե ասենք, որ չենք վստահում ԼՂՀ վարչապետի խոսքերին, մի՞թե սա պիտի դիտվի չհիմնավորված թերահավատություն կամ անհարկի պեսիմիզմ: Ինչ խոսք, կարելի է ու պետք է կանխատեսումներ կատարել:
Սակայն պատերազմը բանջարեղենի գնի տատանումը չէ, որի մասին արված կռահումները եթե նույնիսկ չիրականանան, աշխարհը փուլ չի գա: Առավել ևս, որ դա որոշում է թշնամիդ, ոչ թե դու: Իսկ թշնամին որոշում կայացնելիս միշտ էլ իմանում է այնպիսի մի բան, ինչի մասին մենք կարող ենք չիմանալ:
Այս նյութը դիտել են - 1447 անգամ