Արմեն Աշոտյանի` սահմանում անցկացրած մեկ ամիսն ավելի օգտակար կլինի, քան նախարարի պաշտոնում անցկացրած յոթ տարիները. մի անգամ պետությանն օգուտ տվեք
2016-05-07 04:34:00

Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը պաշտոնապես չի հայտարարում, բայց ակնհայտ է, որ ինչպես քառօրյա պատերազմի օրերին, այնպես էլ այսօր հայկական բանակը` կամավորականների տեսքով, համալրման կարիք ունի:

Կարծում ենք՝ ժամանակն է՝ Հայաստանի հանրությունը պահանջի, որ ՀՀԿ-ական ձրիակերները դադարեն պետբյուջեի միջոցները մսխել եւ մեկնեն սահման: Ակնհայտ է, որ ապրիլի 5-ին Ռուսաստանի ոտքերը ընկնելով՝ հրադադար մուրալու Ադրբեջանի քայլի հիմնական պատճառներից մեկը այն փաստն էր, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերսկսման մասին առաջին իսկ լուրերից հետո ողջ Հայաստանը շտապեց Արցախ:

Ապրիլի 2-ի առավոտից սկսած Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից ավտոմեքենաների շարասյուններ էին ժամանում Ստեփանակերտ: Այս փաստը չէր կարող թշնամուն չմտահոգել, որովհետեւ նրանց համար հաստատ անակնկալ է եղել նման իրողությունը, երբ առանց կանչի հազարավոր հայորդիներ շտապել են կանգնել հայկական բանակի զինվորի կողքին:

Ապրիլյան ոգեւորությունը գնալով նվազում է, իսկ Հայաստանի մի հատվածի` Արցախի գլխին կախված վտանգը ոչ միայն չի վերացել, դեռ մի բան էլ նույնիսկ ահագնացել է: Թշնամու ախորժակը զսպելու միջոցներից մեկն այն է, որ այս փուլում կամավորականները պետք է մշտապես լինեն զինվորի կողքին: Այս խնդրի լուծման իրավական ճիշտ տարբերակը կլինի այն, որ ՀՀ կառավարությունը պետբյուջեից պաշտպանության նախարարությանը լրացուցիչ միջոցներ հատկացնի, եւ ՀՀ զինված ուժերը համալրվեն պայմանագրային զինծառայողների որոշակի խմբաքանակով:

Սակայն կա եւս մեկ տարբերակ, որը կարող է կիրառվել միայն հանրային ճնշման ներքո: Ինչպես հայտնի է՝ իշխող ՀՀԿ-ն, հենց նույն հանրապետականների հավաստիացումներով, ունի 150 հազար անդամ: Նրանցից մոտ վեց հազարը տարբեր տրամաչափի պաշտոնյաներ են: Իսկ մնացածը պետական եւ համայնքային մարմինների աշխատակիցներ:

Այլ կերպ ասած՝ դա հենց այն զանգվածն է, որ մսխում է ողջ պետության, այդ թվում նաեւ սահմանին կանգնած զինվորների ստեղծած բարիքները: Ուստի ավելի արդարացի կլինի, եթե ՀՀԿ-ականները ինչ-որ սկզբունքով կամավորական ջոկատներ ձեւավորեն եւ մեկնեն սահման ու յուրաքանչյուրը գոնե մեկ ամիս մնա այնտեղ: ՀՀԿ-ական կամավորականների մեկամսյա բացակայության դեպքում նրանց ընտանիքները հաստատ սոցիալական խնդիրներ չեն ունենա, որովհետեւ այդ մարդկանց մեծամասնությունն իր ամենօրյա գործունեության ընթացքում զբաղված է պետական միջոցները գրպանելով:

ՀՀԿ-ականները նման քայլի գնալու դեպքում իրենց կյանքում գոնե մեկ անգամ Հայաստանի Հանրապետությանը օգուտ տված կլինեն: Ավելին՝ բացառված չէ, որ մեկ ամիս զինվորի կողքին մնալուց եւ իրենց տները վերադառնալուց հետո նրանց մի մասը գուցե հասկանա, որ այլեւս չի կարելի մկան պես հատիկ-հատիկ պետբյուջեն թալանել: Այլ կերպ ասած՝ հնարավոր չէ, որ հայրենիքի պաշտպանի կողքին անցկացրած ժամանակն այդ մարդկանց չփոխի:

Ավելին՝ կարող ենք նաեւ նշել, թե ով կարող է կազմակերպել ՀՀԿ-ական կամավորականների ջոկատները: Ինչպես հայտնի է՝ ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը երկու ամսից ավել է՝ գործազուրկ է: Կարծում ենք, որ լավ կլինի՝ հենց նա այս գործընթացը կազմակերպի եւ ինքն էլ մեկնի սահման ու իբրեւ շարքային կամավորական՝ կանգնի զինվորի կողքին, նրա հետ հավասար սնվի եւ անքուն գիշերներ անցկացնի:

Առավել եւս նա ժամանակին հայոց բանակում չի ծառայել: Նրա օրինակին կարող է հետեւել ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Համոզված կարող ենք ասել, որ եթե նման քայլ կատարեն, ապա նրա սահմանում անցկացրած այդ մեկ ամիսն ավելի օգտակար կլինի Հայաստանի համար, քան նախարարի պաշտոնում անցկացրած յոթ տարիները:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ 
armlur.am

Այս նյութը դիտել են - 1633 անգամ