Գյումրու ավագանու առաջիկա նիստում անդամները կքննարկեն Շիրակի թեմին «Մուշ» թաղամասում հողատարածք տրամադրելու հարցը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը դեռ ամիսներ առաջ էր քաղաքապետարանին գրություն ուղարկել այդ տարածքն ընդմիշտ Հայ Առաքելական եկեղեցուն հատկացնելու խնդրանքով՝ եկեղեցի կառուցելու մտադրությամբ:
Հատկապես Գյումրիում նոր եկեղեցի ունենալու մասին խոսակցությունները չէին կարող չմտահոգել մարդկանց: Նախ քաղաքը բավարար թվով եկեղեցիներ ունի, և հետո՝ մինչ օրս աղետի գոտի համարվող Գյումրիում պիտի որ առաջնահերթությունը այլ կառույցներինը լիներ, եկեղեցին կարող էր նաև համբերել:
Բայց չէ: Որոշել են ոչ միայն դա անպայման գլուխ բերել, այլև Միքայել սրբազանը հոխորտացել է. «Գյումրին պետք է ունենա 20 եկեղեցի»: Թե ինչու 20 և ոչ թե 50 կամ 100՝ դա թեմի առաջնորդը կիմանա: Հավանաբար, հաշվարկ է կատարել ու կանգ է առել այդ թվի վրա:
Ու դեռ այսքանից հետո էլ ատամ ունի նրանց վրա, ովքեր իր հետ համակարծիք չեն: Նրա կարծիքով, իրեն քննադատողները նրանք են, ովքեր ոչինչ չեն հասկանում, նրանք չգիտեն՝ ինչ բան է եկեղեցին, ի վիճակի չեն հասկանալու: «Մենք կառուցելու ենք, չցանկացողները պիտի տրաքվեն, մեջտեղից պիտի տրաքվեն: Բյուջեի միջոցներով մի եկեղեցի կառուցվե՞լ է:
Պետական փողերով, հարկերով մի եկեղեցի կառուցվե՞լ է: Երբ հոխորտացողների հարկերով եկեղեցի կկառուցվի, թող այդ ժամանակ նոր գան և հաշիվ պահանջեն: Ոչ մի եկեղեցու նորոգման համար պետական բյուջեից մի կոպեկ չի ծախսվել: Եկեղեցու գործը եկեղեցի կառուցելն է, բա ի՞նչ կառուցենք՝ լվացքատո՞ւն, գարեջրատո՞ւն»,- կատաղության նոպայի մեջ բռունցքներն է ճոճում Աջապահյանը:
Այն, որ պետական բյուջեն այդ նպատակով եկեղեցուն պարտավոր չէ փող տալ, դա հիմարն էլ գիտի: Եկեղեցին անջատ է պետությունից: Իսկ որ եկեղեցին մի կոպեկ անգամ չի ավելացնում նույն պետության բյուջեում, սա էլ ինչպես հիմարը, այնպես էլ սրբազանը պիտի որ իմանան:
Իսկ որ եկեղեցու համար լվացքատուն կառուցելն ավելի պատվաբեր կլինի, դա կասկածից վեր է, քանի որ այնտեղ կարելի է այլևայլ աղտեղությունների շարքում մաքրել նաև կեղծ ու գրպանահատ հոգևորականների հոգիները, որոնց համար վաղուց արդեն եկեղեցի կառուցելը ոչ թե աստվածահաճո գործ է, այլ նոր օբյեկտ բացելու, նոր բիզնես դնելու նախաձեռնություն:
Ու այստեղ չհասկացողներ չկան, ինչպես ուզում է համոզել Շիրակի թեմի առաջնորդը: Այստեղ կան զարմացածներ, որոնք ապշում են, թե որքան ցածր կարող է ընկնել հոգևոր հովիվը մի կտոր ավելորդ պատառի համար:
Այս նյութը դիտել են - 1420 անգամ