Tert.am-ի հետ զրույցում ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադառնում է Հայաստանում այն սպասելիքներին, որ մայիսի 9-ին` Շուշիի ազատագրման օրը, ու մայիսի 10-ին` Իլհամ Ալիևի ծննդյան օրը, Ադրբեջանն անցնելու է հարձակման: Ի պատասխան` նա համոզմունք է հայտնում, որ Ադրբեջանի բանակն այսօր չի կարող լուծել այն քաղաքական խնդիրը, որը դրել է Ալիևը բանակի առաջ, ապա ավելացնում.«Իլհամ Ալիևի ծնունդը կսկսենք «նշել» արդեն մայիսի 9-ի մեր միջոցառումներով, մեր բանակի տոնին նվիրված միջոցառումներով»:
- Պարոն Աղաբեկյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ Ղարաբաղը միակողմանիորեն ճանաչելը կհանգեցնի աղետալի հետևանքների:
-Իմ անձնական կարծիքը հաճախ եմ բարձրաձայնել, առ այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապրող մեր քաղաքացիների անվտանգությունն ամբողջական երաշխավորված կարելի է համարել, եթե Ղարաբաղը դառնա միջազգայնորեն ճանաչված երկիր: Այդ թվում` ճանաչի ԼՂ-ն նաև Ադրբեջանը, դա միանշանակ է: Ինչ վերաբերում է միակողմանի ճանաչման կամ չճանաչմանը, Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը պետք է մի օր սկսվի: Եվ կարծում եմ, որ այդ մի օրը սկսվելը պետք է տեղի ունենար հենց Հայաստանի Հանրապետության կողմից: Այն, որ պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանը ճանաչեր 1994 թ. զինադադարից հետո կամ դրանից հետո ընթացող ռազմական գործողությունների ժամանակ, դա փաստ է: Դա տեղի չի ունեցել և մեր քաղաքական գործընթացներն ընթացել են այլ ուղղությամբ: Եթե դա տեղի ունենար 1994 թվականին կամ 93 աշնանը, ապա մենք այլ իրականություն կունենայինք: Իսկ այն, որ Հայաստանը պետք է իր բոլոր կարողությունները ներդնի`թիվ մեկ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը, դա միանշանակ է:
-Այն, որ Արցախի ճանաչման մասին ԱԳՆ եզրակացությունը խորհրդարանում է, թե ինչ կարգավիճակով, կերևա առաջիկայում, կարո՞ղ է արդյոք գործիք դառնալ, որ Ադրբեջանը պատերազմ չսկսի:
-Մենք, միանշանակ, պետք է ընդունենք հետևյալը. եթե Ադրբեջանը, որն ամեն օր փորձում է գործողություններ իրականացնել, որոնցով միջազգային հանրությանը համոզի, որ եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խաղաղ ճանապարհով չգնա խնդրի լուծմանը` իր ուզած տարբերակով, ապա սկսելու է ռազմական գործողություններ, որոնց հասցեատերն արդեն ոչ միայն միջազգային հանրությունն է, իր երկրի բնակիչներն են, որոնց արդեն տասնյակ տարիներ ապակողմնորոշված պահում է Ադրբեջանի իշխանությունը,ապա ապրիլի 2-ը ցույց տվեց, որ հասցեատերը նաև Լեռնային Ղարաբաղն է: Հիմա. Ադրբեջանի իշխանությունները լավ գիտակցում են, որ եթե փորձ անեն ռազմական գործողությունների վերսկսման և Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, ապա Հայաստանի Հանրապետությունն արդեն դառնում է ամբողջական պատասխանատու և՛ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների առումով, և՛ դրանով արդեն դառնում է կոնֆլիկտի ամբողջական կողմ: Եվ միջազգային հանրությունը գիտակցում է, որ կոնֆլիկտի կողմ Հայաստանը միջազգայնորեն ստորագրված բոլոր պարտավորությունների շրջանակներում կատարելով դրանք` ունի նաև իրավունք, որովհետև մասնավորապես, հենց ՀԱՊԿ ու ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը գալիս է մեզ համոզելու, որ իրականում այդ գործընթացը, ցավոք սրտի, այսօր կարող է միայն լինել որպես զսպման մեխանիզմ:
-Պարոն Աղաբեկյան, մայիսի 9-ը Շուշիի ազատագրման օրն է, 10-ը՝ Իլհամ Ալիևի ծննդյան տարեդարձը, ինչը որոշ կանխատեսումների տեղիք է տալիս, որ այդ օրը անցնելու են լայնամասշտաբ հարձակման:
- Կատակով պատասխանեմ, որ Իլհամ Ալիևի ծնունդը կսկսենք նշել արդեն մայիսի 9-ի մեր միջոցառումներով, մեր բանակի տոնին նվիրված միջոցառումներով: Դրանից լավ նվեր մենք չենք կարող անել Ալիևին, իսկ ինչ վերաբերում է տարածված այն խոսակցություններին, որ հակառակորդը կարող է ամսի 9-ին ռազմական գործողություններ սկսել, համոզված եղեք և ձեր միջոցով փոխանցեք մեր հայրենակիցներին, որ Ադրբեջանի բանակը այսօր չի կարող այն քաղաքական խնդիրը, որը դրել է Ալիևը բանակի առաջ լուծի, որովհետև Պաշտպանության բանակը այսօր ամբողջական պատրաստ է ցանկացած ագրեսիա հետ մղելուն: Եվ Ալիևին ծննդին այլ նվեր չի կարող լինել, քան այն, որ այնպես անենք, որ գիտակցի, որ նման փորձերը, որ արեց ապրիլի 2-ից 4-ը, նորից պատժվելու են: