ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խսչատուրովն այսօր խաղատուն չէր գնացել: Խաղատուն նա սովորաբար գնում է պատերազմական օրերին: Օրինակ, ապրիլյան պատերազմի առաջին օրը շտաբի պետի ենթակաները նրան երկար որոնելուց հետո վերջապես գտել էին մայրաքաղաքի խաղատներից մեկում՝ հերթական խաղադրույքը կատարելիս: Իսկ քանի որ այսօր համեմատաբար հանգիստ օր էր, նաև տոնական օր, ինչը ենթադրում է երեկոյան բանկետ ու հանդիսություն, այդ պատճառով էլ Յուրի Խաչատուրովը եկել էր Հաղթանակի զբոսայգի, որովհետև էլ ի՞նչ հաղթանակ առանց այդ կարևոր ու ծանրամարմին գեներալի:
Վատն այն էր, որ այստեղ ոչ ոք ցանկություն չուներ խոսելու նրա հերոսական կերպարի մասին: Բոլորը մի գլուխ հարցնում էին, թե Խաչատուրովն ինչպե՞ս կմեկնաբանի պատերազմի օրերին իր զգոնությունը կասկածի տակ դնող հրապարակումները և, ընդհանրապես, ինչո՞ւ են ԶՈւ գլխավոր շտաբի պետի մասին միայն վատ բաներ խոսում: Եվ քանի որ գլխավոր մեղավորը այդ հարցում ուրիշ մեղավորներ երկրի ներսում դեռ չէր գտել, ստիպված պատասխանեց. «Երևի ադրբեջանցիներն ուզում են վարկաբեկել, դուք էլ նրանցից վերցնում եք»:
Ադրբեջանցիներն, ինչ խոսք, մեղավոր են շատ բաներում: Եվ եթե այս մեկն էլ գումարենք, հազիվ թե էական բան փոխվի մեր կյանքում: Բայց մերոնք գոնե կարող են այնքան ներողամիտ գտնվել, որ այսքանից հետո Խաչատուրովին դեռ կհարցնեն, թե ի՞նչ կարծիքի է, պատերազմի հավանականություն կա՞ արդյոք: Բայց արի ու տես, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այս հարցին էլ մի կարգին պատասխան չունի: «Քիչ կա, բայց շատ չկա»,- ասում է նա:
Ինչպիսի զուգադիպություն: Ապրիլի 2-ին էլ էր նա ճիշտ այդպես մտածում, երբ խաղատանը վայելում էր կյանքի հաճույքները: