Այն օրը, երբ լուր տարածվեց, որ ՀՀ Կառավարությունում ներկայացվել է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման նախագիծը, առաջին արձագանքողներից մեկը Ռուսաստանն էր: Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ընդհանուր պայմանավորվածության համատեքստում, այլ ոչ թե միակողմանի:
Իսկ այսօր բավականին տարօրինակ զրույց է տեղի ունեցել Հաղթանակի զբոսայգի այցելած Ռուսաստանի դեսպան Վոլինկինի հետ: Սկզբում լրագրողները նրան հարցրել են, թե ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում զենք մատակարարել Ադրբեջանին: Վոլինկինը հակադարձել է, թե ունե՞ն ապացույցներ, փաստաթղթեր, որ զենք է վաճառվում Ադրբեջանին:
Նման պատասխանը պատասխանի բացակայություն չի նշանակում: Նման պատասխանը նշանակում է, որ դեսպանի համար նախընտրելի է ձևացնել, թե տեղյակ չէ իր երկրի վարչապետ Մեդվեդևի վկայակոչումներին, ինչպես նաև երբևէ չի իմացել, թե ինչ է ասել ու արել Ռոգոզինը: Իսկ այն, որ հետո նա հրաժարվել է պատասխանել մյուս հարցերին, դա կարող էր նաև ունենալ այլ բացատրություն, եթե չկատարվեր գրեթե սենսացիոն մի բան:
Վոլինկինին ուղեկցող ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարը լրագրողներին հորդորել է անջատել տեսախցիկները, որից հետո անսպասելի հայտարարություն է արել: «Ի՞նչ եք ուզում, Հայաստանը ճանաչե՞լ է Արցախը: Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ոչ մի ռուսական զենք Արցախ չի կարող գնալ»:
Երկրորդ քարտուղարը, որին կարելի է ներկա իրավիճակում ընկալել իբրև դեսպանի լռության թարգման, փաստացի հայերին հուշում է, թե ինչ է պետք անել: Այսպիսի բան դիվանագիտական պրակտիկայում ամեն օր չես հանդիպի:
Բայց հիմա մենք գոնե հիմքեր ունենք ենթադրելու, որ կատարվել է մի բան, ինչին անվանում են իրավիճակի փոփոխություն, և այդ փոփոխության արդյունքում Արցախի ճանաչումն այլևս այնքան էլ սարսափելի չէ, որքան գնահատվում էր մի քանի օր առաջ: Ցավալի է միայն միտքն այն մասին, որ դա մեզ հուշում է օտար դեսպանատան երկրորդ քարտուղարը: