Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկման դրվեց 2016-2017 թթ.-ի Ազգային վիճակագրական ծառայության գործունեության եռամյա ծրագիրը: Ինչպես հայտարարեց ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը, պատգամավորների կողմից ծրագրի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ստացվել, ուստի կառավարությունը նպատակահարմար չի համարել փոփոխություններ կատարել:
«Այսօր ես գնացել էի վճարելու կոմունալ վճարումները, քաղաքացիները դժգոհում էին, որ էլեկտրաէներգիայի վարձավճարը, որը կառավարությունը պետք է փոխհատուցեր, այլևս չի փոխհատուցվում և այս ամիս քաղաքացիները թանկացված վարձեր են մուծելու: ՀՀ-ում չեն գործում արդար օրենքներ, դրանք չեն բխում իրավունքի սկզբունքից, գործում է գումարների ապօրինի հավաքագրում»,- Աժ-ում ասաց Զարուհի Փոստանջյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հորդորեց՝ «մի երկու բառ էլ վիճակագրական աշխատանքներից խոսեք»:
Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Հայոց ցեղասպանությունից հետո ՀՀ բնակչությունը կազմեց 750 հազար մարդ, պատճառը 1915թ.-ի ներգաղթն էր, որը հնարավորություն տվեց մի բուռ հայրենիքում մեծացնել բնակչության թիվը: Արդյունքում, ըստ նրա, մենք ունեցանք 2.5 միլիոն բնակչություն, որի թիվը մնացել է անփոփոխ: «Հիմա էլ նույն 2.5 միլիոնն է: Այ սա է վիճակագրությունը»,- նշեց պատգամավորը:
ԱԺ նախագահը հայտարարեց, որ պատգամավորը խախտում է ԱԺ կանոնակարգը, որովհետև չի խոսում քննարկվող թեմայից: «Անջատեք խոսափողը, միայն թող մեզ համար խոսի»,- ասաց Գալուստ Սահակյանը, ապա դիմելով Փոստանջյանին՝ ասաց. «Երևի չգիտեք՝ որտեղ եք գտնվում»: