Հարցը, թե որտեղ են ծառայում մեր պաշտոնյաների զավակները, ոչ միայն շարունակում է մնալ օրակարգում, այլև ամեն անգամ նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս: Պարզվում է՝ մեկի զավակը վաղուց արտասահմանում է բնակվում, մյուսը բժշկի թուղթ ունի, երրորդի որդին ընդհանրապես անհետացել է տեսադաշտից: Բայց առավել հետաքրքիր են այն դեպքերը, երբ խոսքը վերաբերում է հայրենասիրական պաթոսից շնչահեղձ լինող երևելիներին: Օրինակ, Հերմինե Նաղդալյանին:
Հիմա կարելի է արդեն հասկանալ, թե ինչու էր տիկին Հերմինեն իր թեթև ձեռքով 5 շրջան նվիրաբերում թշնամուն ու դեռ զարմանում էր, որ մյուսները զարմանում էին: Բանն այն է, որ Հայաստանը Հերմինեի համար այնքան էլ հայրենիք չէ: Հայրենիք չէ այն պարզ պատճառով, որ երկիրն իրենը համարող մարդը սեփական զավակին կուղարկեր հենց այդ երկրին ծառայելու, իսկ Նաղդալյանի որդին, արի ու տես, ծառայում է… Ռուսաստանի Դաշնությանը:
«Հերմինե Նաղդալյանի որդին սովորում է ՌԴ-ում` ԱԱԾ համապատասխան ԲՈՒՀ-ում»,- այսպես է արձագանքել ԱԺ փոխնախագահի մամուլի հարցերը կանոնակարգող Տիգրան Սահակյանը` Նաղդալյանի որդու ծառայության վերաբերող հարցադրմանը: Սակայն լրագրողներին հաջողվել է փոքր-ինչ ավելին իմանալ: Պարզվել է, որ Նաղդալյանն իր 19-ամյա որդու՝ Միքայելի ծառայության համար արտոնյալ պայմաններ ստանալու նպատակով ժամանակին դիմել է համապատասխան օղակներին, նույնիսկ անձամբ Սեյրան Օհանյանին, սակայն մերժում ստանալուց հետո, ինչպես երևում է, նրան հաջողվել էր որդու համար «ծառայության» բարենպաստ պայմաններ գտնել:
Ըստ որոշ աղբյուրների, ՌԴ ԱԴԾ-ի բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելը ծառայություն է համարվում, սակայն Միքայելն ընդամենը «թղթով» է ծառայության մեջ և իր ապահով կյանքն է վայելում Մոսկվայում: Տղան չի կարող որևէ կերպ վտանգել սեփական անձը, քանի որ տանը նրան են սպասում միլիոնավոր դոլարները, շքեղ առանձնատները, թանկարժեք մեքենաներն ու մի եկամտաբեր բիզնես, որ ծնողները նվեր կհանձնեն ծառայությունը բարեհաջող ավարտելու դիմաց: Բա էլ ո՞ւմ համար են քրտինք թափում և առավոտից իրիկուն թուքումուր ուտում: Ինչ անում են՝ էրեխեքի համար են անում: