ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանի նման քոսոտ երկիրը չի կարող զենք արտադրի ու արտահանի, քանի որ այդ դեպքում մեր քթին կտան», շատերին ոչ միայն զայրացրեց, այլև հուսահատության գիրկը նետեց: Միտքն այն մասին, որ մեզ տրված չէ ունենալ զենքի ու զինտեխնիկայի սեփական արտադրություն, համաձայնեք, որ այնքան էլ հաճելի չէ:
Բայց արի ու տես, որ դաշնակցական ընկերները բոլորովին այդ կարծիքին չեն: Մանավորապես, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, լսելով Մարտիրոսյանի խոսքերը, զարմացած բացականչել է. «Իսկ ո՞վ է ասում, որ մենք զենք չենք արտադրում»: Ստացվում է, որ ՀՅԴ-ն տիրապետում է այնպիսի մի ինֆորմացիայի, որից անտեղյակ է նույնիսկ երկրի ԳԱԱ նախագահը: Իսկ եթե դա այդպես է, ապա մնում է մտածել, որ դաշնակներն ունեն զենքի գաղտնի արտադրամասեր և խոսքը գնում է հենց դրանց մասին:
Ի դեպ, նույն Ռուստամյանն այդ հարցում էլ ավելի հեռուն է գնացել: Նա հիշել է Հրանտ Բագրատյանի խոսքերը միջուկային զենքի մասին և թաքուն ժպիտով նկատել է. «Մի բան գիտի, որ ասում է, խելացի մարդ է, վարչապետ է եղել: Հիմքեր ունի, մենք իսկապես ատոմային էներգետիկա զարգացնող երկիր ենք, այլ բան չեմ ասում, ռազմական գաղտնիք է»:
Փաստորեն սա էլ է գաղտնիք ու կրկին Ռադիկ Մարտիրոսյանին ոչինչ չեն ասելու: Ուրեմն, միջուկային մարտագլխիկները ևս կարող են գտնվել դաշնակների ձեռքի տակ: Մնում է միայն հուսալ, որ նրանք այդ սարսափազդու և ահռելի զինանոցի հետ շատ զգույշ կվարվեն: Մարդ են, էլի, հանկարծ չճառագայթվեն: