ԱՅՍ ՏԽՈՒՐ «ՏՈՆԱՀԱՆԴԵՍԻՆ» ՏԵՂՅԱ՞Կ Է ԱՇԽԱՐՀԸ…
2016-05-11 09:59:00
Սպասում ենք, երբեմն այդ սպասումը դառնում է տառապանք, երբեմն փոքրիկ հույս, բայց սպասում ենք…Ու՞մ ենք սպասում, թե՞ ինչի, բայց սպասումը երբեմն դառնում է մարդկությանն ուղղված աղերսանք, երբեմն՝ աշխարհի տերերին ուղղված ընդվզում…
Այս տխուր «տոնահանդեսին» տեղյա՞կ է աշխարհը, որ հայը երբեմն ապրելու համար խաղաղ ապաստան է փնտրում, միայն թե ապրի…
Վերջին պահին տունուտեղ թողնող մարդու հայացքը փնտրում է ինչ-որ բան, որքա՜ն շատ բան կա վերցնելու, բայց ո՛ր մեկը վերցնես, ու դատարկությանն ես հառում հայացքդ, շոշափում ես քեզ, դու կաս, կարող է հանկարծ հետո չլինես, ուրեմն փրկի՛ր քեզ, հոգիդ փրկի՛ր, որ ապրել է ուզում, որ կյանք է ուզում, խաղաղ մի կյանք, ու հեռվից երևացող լույսի շողը տանում է քեզ մի նոր ապաստան: Բայց մի նոր ընդվզում տանջում է քեզ, երանի նորից կյանքը խաղաղվի, ու նորից վերադառնանք… 
Փնտրտուքների մեջ հայացքս օրեր առաջ հառեցի դեպի մոտակա վանքը, որ բարձունքին թառած` հսկում էր բոլորիս հանգիստը: Անձրևոտ եղանակ էր, բայց գնում ենք եկեղեցի, որ մեր աղոթքներն ուղղենք վերին Աստծուն, գուցե մի նոր լույս բացի այս տունուտեղ թողած «փախստականների» համար: 92-ին կարծես սազում էր այս բառը, երբ գործածում էին, նվաստացուցիչ մի անուն, որ փախել էինք մեր տներից ոչ մեր հոժար կամքով, ընդամենը փրկվելու համար, իսկ մենք ապրել էինք ուզում: Նույնիսկ օտար ափերում հանգրվան գտնելով` այնտեղ վաղուց ապրող մեր հայրենակիցներից մեկն ինձ ասաց. «Փախստակա՞նն ուր, կարա՞գն ուր…»: 
Մնացի քարացած, կարծես չէի ուզում վերցնել վաճառողուհուց այն մի քանի գրամ կարագը, որ ուզում էի տանել երեխայիս համար, որպեսզի հիշեցնեի, որ այսպիսի սնունդ էլ կա աշխարհում, որի մասին երևի մոռացել էր…Այս նոր դարասկզբին մենք նորից մեր բնակավայրը թողեցինք, բայց այս անգամ մի նոր անուն ստացանք` տարհանվածները, վերջում պարզվեց պաշտոնական տարհանում չի եղել բնակավայրիս բնակիչների համար, ուղղակի նորից ապրելու մարմաջով տառապած` մի նոր ապաստան էինք փնտրում, որ արկերի հուժկու հարվածներից փրկվեինք…Այս օրերին մի նոր անուն էլ ավելացավ մեզ` նկուղաբնակները…Այն անդուր պատերի ներսում, խոնավության մեջ նորից փրկություն էինք փնտրում, նորից ուզում էինք ապրել…
Հիմա էլ ուզում ենք ապրել, գոնե երբեմն լինի օրերով, մի քիչ մեր կարոտներն առնենք այս տաքուկ անկյուններից, որ հարազատ տուն է կոչվում…Ու այսպես անվերջ կկարոտենք մենք, ու այսպես անվերջ մեզ կնքված այս անուններով կսպասենք մենք, երբեմն երանի կտանք, որ փախստական դարձած` փրկվեցինք մենք, երբեմն տարհանված կլինենք, նորից կասենք` ինչքան լավ է, որ փրկվել ենք, իսկ երբ նկուղ կմտնենք, էլի կասենք, ինչքան լավ է, որ այս գորշ պատերը կան, գոնե այստեղ մի փոքրիկ հույս սփոփում է մեզ, որ կարող ենք փրկվել…Ու այսպես, տառապանքի դրոշմը դեմքներիս, կապրենք մենք, միայն թե փրկվենք:

Նատաշա Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
 
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 1805 անգամ