Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 11-ին ազդարարել է, որ զբաղված են տնտեսության զարգացման կարեւոր գործով եւ մայիսի 12-ին կայանալիք կառավարության նիստի մեկնարկին կանի հայտարարություն:
Նա իհարկե չի մանրամասնել, թե ինչ հայտարարություն է անելու: Բայց ի՞նչ կարող է հայտարարել Հովիկ Աբրահամյանը, եթե խոսքը վերաբերելու է տնտեսության զարգացմանը:
Նա այդ շրջանակում կարող է հայտարարել իր հրաժարականի մասին: Դատելով Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում քաղաքական եւ տնտեսական գործունեությունից, Հայաստանի տնտեսության զարգացման համար այլ բան անել Աբրահամյանը փաստացի անկարող է: Եթե կարող էր, ապա ինչու՞ նա չի արել այդ բանը մինչեւ հիմա: Պատերազմի՞ էր սպասում տնտեսություն զարգացնելու կամ այդ մասին կարեւոր հայտարարություն անելու համար:
Հովիկ Աբրահամյանն իհարկե ինչ որ բան արել է: Նա փաստորեն իր վրա է վերցրել կարեւորագույն մի շրջանի պատասխանատվություն, թեեւ իհարկե վարչապետի պաշտոնին նշանակվելիս նա անկասկած ակնկալում էր վերցնել բոլորովին այլ բան: Հովիկ Աբրահամյանն ակնկալում էր վերցնել իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի փոխզիջման արդյունքում: Նա վարչապետի պաշտոնում հայտնվեց ոչիշխանական բեվեռի եւ Սերժ Սարգսյանի դիմակայության այն փուլում, երբ այդ դիմակայությունը մոտենում էր գագաթնակետին:
Ապրիլին Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, իսկ արդեն սեպտեմբերին ոչիշխանական բեւեռը դնում էր նախագահի հարց: Իհարկե նախագահի պաշտոնին վերադարձի հավակնում էր Ռոբերտ Քոչարյանը, բայց Աբրահամյանն ըստ երեւույթին ակնկալում էր հմուտ խաղի շնորհիվ դառնալ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի փոխզիջումը եւ 2014-ի աշնանը կամ 2015-ի գարնանը դառնալ Հայաստանի չորրորդ նախագահ:
Բայց, 2015-ի փետրվարին իրադրությունը կտրուկ փոխվեց, եւ Հովիկ Աբրահամյանը ստիպված էր հրապարակավ բամփել նրանց, ում շնորհիվ հայտնվել էր վարչապետի պաշտոնում: Դրանից հետո իհարկե Աբրահամյանը իր վրա վերցրեց տնտեսության համար ամբողջ պատասխանատվությունը եւ պետք է իհարկե արդարացիորեն արձանագրել, որ նա բավական զուսպ եւ անտրտունջ կրում է այդ պատասխանատվությունը:
Բայց դա պատասխանատվություն է ոչ թե տնտեսության, այլ Սերժ Սարգսյանի առաջ: Տնտեսության, պետության առաջ պատասխանատվության դեպքում Հովիկ Աբրահամյանը հրաժարական կտար վաղուց, կամ գոնե ապրիլի իրադարձությունների օրերին, երբ ուներ արժանապատիվ հրաժարականի եւ դուռը շրխկացնելու նույնիսկ պատմական հնարավորություն: Խոսքը Մեդվեդեւի այցի եւ Երեւանից ԵՏՄ նիստը տեղափոխելու մասին է, երբ Հովիկ Աբրահամյանը կարող էր հայտարարել, որ չի գնա ալ քաղաքում նիստի մասնակցելու: Դա իհարկե նրա համար կարժենար իշխանական կարիերա, սակայն փոխարենը Հովիկ Աբրահամյանը կաներ իր քաղաքական կարիերայի առաջին եւ վերջին պատասխանատու քայլը, որը կլիներ պատմական նույնիսկ հայ ժողովրդի պատմության մասշտաբով:
Բայց, Աբրահամյանը ոչ միայն գնաց Մոսկվա, այլ հայտարարեց նաեւ, թե այդ որոշումն իրենն է, այսինքն չկարծեն, թե ստիպված կատարել է Սերժ Սարգսյանի հանձնարարությունը: Դրանով իհարկե ավարտվեց Հովիկ Աբրահամյանի վարչապետության քաղաքական հեռանկարը; Այդպիսով, ապրիլից հետո նա թե տնտեսական, թե քաղաքական ավարտված հեռանկարով վարչապետ է, եւ ահա այդ պայմաններում Աբրահամյանն ունի մեկ քայլ՝ հրաժարական:
Կկատարի՞ նա այդ քայլը: Հազիվ թե: Նրան դա թույլ չեն տա: Ոչ միայն Սերժ Սարգսյանը, ոչ ոք թույլ չի տա, նույնիսկ Մոսկվան: Առավելագույնն արդեն արել են՝ գազի գինը իջեցրել են 150 դոլար, ներսում էլ մի քիչ կիջեցնեն բնակչության եւ տնտեսության համար: Հովիկ Աբրահամյանի համար ապահովել են քավության նոխազի մարդասիրական փափուկ ռեժիմ:
Իհարկե, հիպոթետիկ իմաստով Աբրահամյանը հրաժարականից բացի ունի այլ քայլ, մասնավորապես ոչ թե հայտարարելը, որ սկսում է իրենից, այլ հենց սկսելը: Խոսքն արդեն ոչ թե հրաժարականի, այլ հրաժարվելու մասին է՝ անձնական ունեցվածքը, որ կա գույքի եւ եկամուտների իր եւ ընտանիքի հայտարարագրում, զինված ուժերին, կամ զինվորների եւ սպաների ընտանիքներին հանձնելու մասին հայտարարությունը:
Դրանից հետո Աբրահամյանը կդառնա ոչ թե վարչապետ, այլ Հայաստանի լեգիտիմ իշխանություն: Հայաստանում տնտեսության վիճակ կարող է փոխել միայն լեգիտիմ իշխանությունը, որովհետեւ այդ վիճակը էապես պայմանավորված է մի շարք ներքին ու արտաքին ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական եւ աշխարհքաղաքական խնդիրներից:
Հետեւաբար, Աբրահամյանի սպասվելիք հայտարարությունը հանրային եւ պետական շահի տեսանկյունից կարող է առարկայական լինել հրաժարականին կամ հրաժարումին վերաբերելու դեպքում: Հակառակ դեպքում այն կլինի ընդամենը քավության նոխազի փափուկ ռեժիմում դրսեւորվող վարչական պնդերեսություն:
Այս նյութը դիտել են - 2038 անգամ