«Երևի աղջկաս ժամանակավոր տանեմ մանկատուն ու գնամ ընտանիքիս մոտ` Մարտակերտ: Վախենում եմ երեխուս հետ գնամ գյուղ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դիաննա Պողոսյանը:
Ապրիլյան դեպքերի պատճառով 11-ամսական երեխայի հետ միասին Մարտակերտից եկել է Երևան և ժամանակավոր բնակություն հաստատել ընկերուհու տանը:
Ասում է, որ ընկերուհու տանը մնալ այլևս չի կարող, ժամանակավոր կացարան ստանալու նպատակով դիմել է պատկան բոլոր մարմիններին: «Մեծ ընտանիք է, իրենց նեղություն եմ պատճառում` չնայած ցույց չեն տալիս: Հանրակացարանում մի փոքր սենյակ ստանալու նպատակով դիմել եմ քաղաքապետարան, ինձ ասացին, որ մենակ մի բանով կարող են օգնել, գումար տալ և ուղարկել Ղարաբաղ:
Ես էլ կարող եմ գնալ, բայց հիմա վախենում եմ, ինքս պատերազմ եմ տեսել, էն վախը, սարսափը, ինչ ես եմ ապրել, չեմ ցանկանում, որ երեխաս էլ ապրի, դրա միջով անցնի, բացի այդ էլ վախենում եմ, որ նրան մի բան կարող է լինել...
Ես էլ աղջկաս տարիքին էի, երբ ստիպված եղանք Մարտակերտից դուրս գալ, ճիշտ է` շատ փոքր եմ եղել, բայց ռումբերի պայթյունն իր բացասական ազդեցությունը թողել է ինձ վրա»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ իրավիճակի հանդարտվելու դեպքում աղջկա հետ միասին անպայման վերադառնալու է:
Այս նյութը դիտել են - 1565 անգամ