Պատմության չերևացող մասն ավելի հետաքրքիր է, քան պատգամավորի՝ շորթման հայտարարությունը
2016-05-11 15:46:00

Մայիսի 6-ին Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել «analitik.am» լրատվական կայքի խմբագրին՝ Անի Հովհաննիսյանին և նրա օգնական Վարդիթեր Գիշյանին: 

Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող գործի նախաքննության տվյալներով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար ՀՀ դրամ:
 Գործով մեղադրյալներ են ներգրավված Անի Հովհաննիսյանն ու Վարդիթեր Գիշյանը: 

NewsBook-ի տեղեկություններով լրատվական կայքի խմբագրի ու տնօրենի ձերբակալման և կալանավորման միայն երևացող մասն է կապված Տիգրան Ուրիխանյանի անձի հետ: Պատմության չերևացող մասն ավելի հետաքրքիր է թվում, քան պատգամավորի հայտարարությունը շորթման մասին: 

«analitik» կայքն իր գործունեության վերջն ամիսներին պարբերաբար անդրադարձել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գործունեությանը: Կայքը հանդես է եկել սեփական հրապարակումներով, ինչպես նաև արտատպել է այն բոլոր հոդվածները, որոնք տեղ են գտել հայկական տարբեր լրատվամիջոցների էջերում՝ էլեկտրոնայինից մինչև տպագիր մամուլ: Վերջին 2-3ամսիներին միայն կայքը սեփական նախաձեռնությամբ հրապարակել է 8 հոդված, որտեղ ներկայացրել է բանկի գործունեության մասին ուշագրավ դրվագներ:

http://analitik.am/news/view/262085,  http://analitik.am/news/view/286544, 
http://analitik.am/news/view/248985, 
http://analitik.am/news/view/244660 
http://analitik.am/news/view/291406 
http://analitik.am/news/view/244660 
http://analitik.am/news/view/266211 
http://analitik.am/news/view/258741 
Ի դեպ՝ հրապարակումների մեջ հեղինակները չեն մոռացել հիշեցնել, որ բանկը ռուսական կապիտալ է պտտեցնում, այսինքն՝ ռուսական խոշորագույն բանկերից է, որտեղ համասեփականատեր է ադրբեջանցի հայտնի գործարար Մաքսումով Շախմար Արիֆ Օգլին: Չմանրամանելով հրապարակումների բովանդակությունը՝ հավելենք, որ մարտի կեսերին բանկի թեմայով զրուցելու առաջարկ է Անիին արվել Հայաստանում ՌԴ Դեսպան Իվան Վոլինկինի կողմից: Անին համաձայնել է հանդիպել: Հանդիպման ընթացքում դեսպանը հորդորել է դադարեցնել բանկի մասին հրապարակումների շարքը, հակառակ պարագայում վերջինս ակնարկել է ինչ-ինչ խնդիրների մասին:  

Մենք այս տեղեկությունն ունեինք դեռ նախորդ շաբաթվանից: Անի Հովհաննիսյանից, հասկանալի պատճառներով, չէինք կարող ճշտել՝ հանդիպում դեսպանի հետ եղել է, թե՞ ոչ, եթե այո, ապա բանկի հրապարակումների մասով խոսակցություն եղե՞լ է: Մնում էր դեսպանատնից ճշտել հանդիպման ու առանձնազրույցի փաստը: Ուրբաթ օրը NewsBook-ի թղթակիցը զանգահարեց դեսպանտուն: Հեռախոսազանգին պատասխանողը ներկայացավ՝ որպես դեսպանի օգնական: 
Սկզբում նա, լսելով մեր հարցադրումները, կտրականապես հրաժարվեց պատասխանել դրանց: Այնուհետև՝ մի փոքր անց, դեսպանատնից զանգահարեցին խմբագրություն՝ ասելով, թե կպատասխանեն մեր հարցերին, եթե դրանք գրավոր ուղղենք իրենց: Միաժամանակ խոստացան մինչև երեքշաբթի առավոտյան պատասխանել գրավոր հարցադրումներին: 
Երեկ՝ երեքշաբթի, մենք այդպես էլ չստացանք մեր հարցերի պատասխանները: Նորից զանգահարեցինք և մեզ տեղեկացրին, որ դեսպանի օգնականը գտնվում է արձակուրդում և այդ հարցերով ժամանակավոր պատասխանատուն  խոստացավ լրացուցիչ քննարկել հարցը և մի քանի ժամվա ընթացքում կապվել մեզ հետ: Դեսպանատնից այդպես էլ մեզ չզանգահարեցին: Այսօր առավոտյան մենք կրկին զանգահարեցինք ՌԴ դեսպանատուն, որտեղից մեզ փոխանցեցին, թե նրանք որոշել են չմեկնաբանել իրենց ուղղված հարցադրումները:    

Դեսպանատան տարօրինակ պահվածքը հեռուն գնացող ենթադրությունների տեղիք է տալիս: Ի՞նչն է խանգարել դեսպանին պատասխանել հարցին՝ հերքել-հաստատել, կամ էլ նույն օրը փոխանցել, թե մեզ ասելիք չունի՝ այս պահին կթողնենք առանց մեկնաբանության:  

Հիմա վերադառնանք լրագրողների կալանավորմանը: Մեր տեղեկություններով ապրիլյան պատերազմի առաջին օրերին ՌԴ դեսպանի մակարդակով հարց է դրվել «փակելու» ՎՏԲ բանկի թեման: Խնդիրը ձևակերպվել է այնպես, թե բանկի սեփականատերերից մեկի՝ ադրբեջանցի լինելու հանգամանքն այս լարված իրավիճակում շոշափելը կարող է հասարակության կողմից սխալ ընկալվել:
 Բանկի անվտանգ ու անխափան աշխատելն  այդ օրերին հուզել է ռուս դիվանագետին, նա էլ ՀՀ իշխանություններին զգուշացրել է մասսայական անկարգությունների վտանգի մասին: Ի դեպ՝ կայքի վերջին հրապարակումն այս թեմայով եղել է ապրիլի 2-ին՝ քառօրյա պատերազմի ամենաթեժ փուլում: Հրապարակումը վերնագրված է եղել այսպես «ՎՏԲ Բանկը պատասխանատվություն պետք է կրի պատերազմի վերսկսման համար»: 

Հ.Գ. Այս օրերին ինֆորմացիոն արտահոսք եղավ, թե Անին նախաքննության մարմնին ներկայացնելու է բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, որոնք կարող են առնչվել այս գործին:
newsbook.am
Այս նյութը դիտել են - 2165 անգամ