Երկար ու դժվարին պայքարից հետո Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Հրազդանի ցեմենտի գործարանի՝ 500 մլն դրամ վճարման ենթակա գումարը չեղյալ անելու վերաբերյալ նախագիծը: Դրան կողմ քվեարկեց 86, դեմ՝ 8 և ձեռնպահ՝ 9 պատգամավոր:
Ըստ այս նախագծի նախատեսվում է, որ ՎՏԲ Հայաստան բանկում գրավադրված և ներկայում բանկի սեփականություն հանդիսացող այս գործարանը կազատվի այն վճարները վճարելուց, որոնք հարկերը չվճարելու տույժեր են: Մի խոսքով, մեր պատգամավորները առանց աչք թարթելու 500 միլիոնանոց նվեր մատուցեցին ինչպես գործարանի նախկին սեփականատեր Միկա Բաղդասարովին, այնպես էլ ՎՏԲ Հայաստան բանկին:
Հիմա անցնենք մեկ ուրիշ պատմության: Ապրիլի 21-ին Արցախում զոհվեց Օնիկ Սահակյանը: Ստացվել էր այնպես, որ քառօրյա պատերազմից երկու օր առաջ հերոս ազատամարտիկը ՎՏԲ բանկից 150 հազար դրամի վարկ էր վերցրել: Հիմա տան միակ կերակրողին կորցրած ընտանիքը՝ լսելով այն մասին, որ որոշ բանկեր չեղարկում են զոհվածների պարտքերը, դիմում է բանկին՝ խնդրելով, որ իրենց հանդեպ ևս ներողամիտ ու մեծահոգի գտնվեն: Բայց այստեղ կտրուկ մերժում են. «Դա լինելու բան չի»:
Հետո բանկի աշխատակիցը պիտի պարզաբաներ, թե ինչու չեն ընդառաջել: Պարզվում է, Օնիկ Սահակյանը կրկնակի դժբախտ մարդ է: Նա զոհվել է ապրիլի 21-ին, երբ քառօրյա պատերազմն արդեն ավարտվել էր: «Պատերազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների անձնական վարկերը բանկը որոշում է կայացրել, որ կների, բայց դա վերաբերում է անձնական վարկերին 1-ից 5-ը զոհված զինծառայողներին»,- ասել են բանկում (սա նշանակում է, որ ապրիլի 3-ին մահացու վիրավորված և ապրիլի 7-ին մահացած զինվորը բանկի համար վարկը ներելու բան չէ):
Եթե Օնիկը զոհվեր ապրիլի 2-ին կամ 3-ին, ապա ՎՏԲ-ն մեծ սիրով իր վրա կվերցներ այդ ահռելի բեռը՝ ընդամենը 150 հազար դրամը: Ի վերջո, սա բանկ է, ֆինանսական կառույց, այստեղ ամեն ինչ հաշվարկել են, իսկ ահա Օնիկի կյանքի գինը մնացել է հաշվից դուրս:
Եվ հետո այսօր ՎՏԲ-ին 500 միլիոնի նվեր տրվեց: Դրա մեջ նաև Օնիկ Սահակյանի ու նրա ընտանիքի քրտինքը կար: Բայց բանկում քրտինքն էլ է հաշվից դուրս: Չոր հաշվարկ, ոչ մի անձնական բան: Ուղղակի պետք է սովորել ճիշտ պահին զոհվել: