Հավատով լցվենք, և ոսոխը կպարտվի
2016-05-12 10:55:00


ՄԱՆՎԵԼ  ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԵԿՄ նախագահ,

գեներալ-լեյտենանտ

Այսօր, առավել քան երբևէ, պետք է միասնական լինենք, հին ու նոր սխալներ, մեղքեր ի ցույց չդնենք, չքննարկենք, առավել ևս՝ համացանցում: Այսօր, այս պահին դա նպաստավոր չէ: Մեր օգտին չէ: Այսօր անմեղ ու մեղավոր, բոլորս, նեղացածություն ու վիրավորանք մի կողմ դրած, միավորենք մեր ջանքերը, հնարավորությունները, միջոցները և նեցուկ լինենք հայ զինվորին ու կամավորականին, որպեսզի հուժկու ու հզոր հարվածներով ոսոխը ետ շպրտվի իր նավթաորջը: Միավորվենք ու հզորանանք, որպեսզի չկորցնենք երբեմնի հզոր Հայաստանից մնացած, բռունցքի չափ փոքրացած, միակ ու անփոխարինելի այս հայրենիքը:

Չսփոփենք ինքներս մեզ, թե մեզ հասակակից հզոր ազգեր են փոշիացել պատմության քառուղիներում, իսկ մենք՝ թեկուզ կիսված, վիրավոր, կանք, պետականություն ունենք: Փնտրենք-գտնենք միաբանության, միակամության նոր ելքեր ու միջոցներ, որպեսզի արժանի գործերով ցրենք հայրենիքի վրա  թանձրացող մահաշունչ խավարը, որպեսզի վայելենք հզոր ու անկախ Հայաստանի քաղաքացին լինելու հպարտությունն ու բերկրանքը:

Հաղթական մայիսի այս օրերին մեր զինվորները, մեր կամավորները անվախ, անձնուրաց կանգնած են առաջ: Թշնամու դեմ կռվում նրանք մահն իրարից խլող խենթ խիզախներ ու հայրենապաշտներ են: Միավորվենք, որ անխոցելի դառնան մեր զինվորները, որ չնոսրանան նրանց շարքերը: Չնոսրանան մեր արտերի ցորենի հասկերը: Չդառնանա մեր այգիների պտուղը: Հայն ստիպված չլինի հեռանալու իր դրախտավայր Հայաստանից:

Դիմում եմ յուրաքանչյուրին, բոլորին: Վազգենը կասեր. «Շատ եմ ասել, վերջին անգամ եմ ասում» հավատով լցվենք, և ոսոխը կպարտվի:

 

Գրի առավ Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

Այս նյութը դիտել են - 1504 անգամ