Այսօր Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ասուլիս է հրավիրել և սենսացիոն հայտարարություն է արել:
Հովհաննիսյան Արծրունը հիմա ավելացնելու ոչինչ չունի, քանի որ հերթը ադրբեջանական կողմինն է: Իսկ Բաքվի լրատվամիջոցները արդեն իսկ Սեֆիլյանի խոսքերը վերածել են իրենց նյութերի գլխագրերի և նշում են փառավոր հաղթանակը: Սա իսկապես որ շատ հարմար առիթ էր: Ադրբեջանցիները չէին հավատում սեփական իշխանություններին, բայց եթե այդ մասին հայերն են խոստովանում, կնշանակի ինչ-որ բան իսկապես եղել է:
Հիմա վերադառնանք մեր իրավիճակին: Պատերազմական դրության մեջ եթե որևէ մեկը պարտվողական տրամադրություններ է սերմանում և տարածում է թշնամու շահերին ծառայող տեղեկատվություն, նրան դատում են ռազմական դրությանը պատշաճ օրենքներով:
Այսինքն, եթե փաստերը կեղծում է Սեֆիլյանը, նրան պիտի խստագույնս պատժել: Եթե ժողովրդին մոլորության մեջ է գցել մեր պաշտպանական գերատեսչությունը, կնշանակի այնտեղ գլուխներ պիտի թռչեն: Ի վերջո, սա այն հարցը չէ, որ ճշտման ենթակա չլինի: Որովհետև 7 միլիոնանոց սուտը չի կարելի մարսել և ձևացնել, թե եղածը մեծ բան չէր:
Բայց հարցերի հարցն է մնում անպատասխան. Ինչո՞ւ է Ժիրայր Սեֆիլյանն առ այսօր ազատության մեջ: Մի՞թե Բեյրութն այն սրբավայրն է, որ բեյրութցիներն այս երկրում ունեն կատարյալ անձեռնմխելիություն և ամենաթողության սրբազան իրավունք: Իսկ միգուցե պրն Սեֆիլյանը սերտ կապերի մեջ է «Հըզբոլահ» հայտնի և հարգված կազմակերպության հե՞տ, միգուցե հենց «Հըզբոլահի» ռեզիդե՞նտն է Հայաստանում, որ նրա դեմ խաղ չկա: Ինչևէ, մտածելու տեղիք տեղ կա, բայց ոչ մեզ համար...