Օսկան Քոչարյան
Ավելի քան մեկ ամիս առաջ Արցախի կառավարությունը դիմեց ժողովրդին՝ կոչ անելով հանգանակություն կազմակերպել բանակի համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով: Սրան զուգընթաց գրեթե բոլոր համայնքներում և հիմնարկներում դրամահավաք իրականացվեց՝ նույն նպատակի համար: Ոգևորությունը մեծ էր: Մարդիկ տալիս էին՝ ինչ կարող էին: Բայց հետո սկսեցին լուրեր տարածվել, որ ոչ բոլոր փողերն են հասնում հասցեատիրոջը: Վրա հասավ հիասթափության պահը:
Ահազանգեր ստացվում էին տարբեր տեղերից: Որոշ դեպքեր հաստատվեցին, մյուսները՝ ոչ: Բայց դրանք չէին դադարում: Միշտ էլ գտնվում էին մարդիկ, ովքեր պատրաստ էին իրենց ձեռքերը տաքացնել ուրիշների ողբերգության կրակի վրա: Օրինակ, քաջարի զինվոր, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ղեկավարած մարզից դժգոհողները կոնկրետ փաստեր էին մատնանշում:
Ըստ այդ տեղեկության, Սիսիանի քաղաքապետարանը պատերազմի հենց երկրորդ օրը քաղաքապետի 2016թ. ապրիլի 2-ի N 31(Ա) կարգադրությամբ, ձեռնամուխ էր եղել զինծառայողներին և կամավորականներին նյութական օժանդակության տրամադրման աշխատանքների համակարգմանը: Քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն, ապրիլի 4-ի դրությամբ, արդեն հանգանակվել էր 7 միլիոն 105 հազար դրամ գումար:
Եվ ահա օրեր անց նույն քաղաքապետարանի մեկ այլ հաղորդագրությունից պարզվել է, որ հանգանակած գումարը ծախսվել է ոչ թե բանակի կարիքները հոգալու, այլ`… հաց ուտելու, ինչ-որ մեքենայի վերանորոգման, ինչ-որ վառելիքի ծախսեր անելու վրա...
Սյունիքից ետ չի մնացել նաև Հրազդանը: Այստեղ էլ Արցախին օգնություն փոխանցելու համար քաղաքի ղեկավարությունը դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին տվել է ոչ թե ԼՂՀ կառավարության հաշվեհամարները, այլ իրենց` «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» հաշվեհամարը, որից հետո էլ ասել են, որ ոչ թե գումարն են ուղարկել բանակին, այլ դրանով ինչ-ինչ ապրանքներ են գնել:
Մինչդեռ ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշիվ մուտքագրված հանգանակված գումարների ցանկի համաձայն, «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամից» Արցախ ուղարկված ո՛չ նյութական և ո՛չ էլ դրամական օգնություն չկա: Հիմա Հրազդանում համառ լուրեր են շրջանառվում, թե իրենց հավաքած փողերը քաղաքապետ Արամ Դանիելյանն իբրև ընտրակաշառք է բաժանել վերջին ընտրությունների օրերին:
Հիմա թե հիշատակված, թե մնացյալ դեպքերի համար դրանց պատասխանատուներն իրենց են կոտորում՝ ապացուցելու, որ իբր որևէ չարաշահում չի կատարվել: Մինչդեռ պետք էր ամենասկզբից մտածել այդ մասին և հասկանալ, որ նվիրաբերված գումարները պահանջում են առավելագույն թափանցիկություն, հստակ հաշվետվություն ու նպատակային օգտագործում:
Իսկ սրանք այդ փողերի հետ վարվեցին այնպես, ինչպես փողերի հետ վարվում էին ընդհանրապես: Մի խոսքով, սովորույթի ուժը հաղթեց բարոյականությանը, որովհետև, ինչպես ասում են, կուզիկին գերեզմանն էլ չի շտկի: Գող եղել են՝ գող էլ կմնան: