Դիարբեքիրի հայության հույսը վերափոխվել է անհանգստության
2016-05-13 09:10:00

Թուրքիայի երբեմնի հայաշատ քաղաքի՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցումը տեղի հայերին հույս ներշնչեց ապագայի հանդեպ, սակայն վերջին ամիսների պատերազմական գործողությունները տապալեցին այդ հույսերը:

Անցյալ տարի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերակառուցումը միավորել էր տեղի հայկական բնակչությանը և սփյուռքի ներկայացուցիչներին: Եկեղեցու վերակառուցումը Թուրքիայի հինավուրց հայկական համայնքը վերականգնելու հույս էր շատերի համար: Սակայն այդ հույսը մարեց, երբ Թուրքիայի կառավարությունը բռնագրավեց Սուրբ Կիրակոսը և վեց այլ եկեղեցիներ:

«Սուրբ Կիրակոս» հիմնադրամից Գաֆուր Թուրքայի խոսքերով, եկեղեցու բռնագրավումը նախկինի մութ հիշաղություններ է արթնացնում:

«Օրենքն ասում է, որ մեր եկեղեցիները բռնագրավված են: Սակայն, երբ մենք այդ հարցը ուղղում ենք պետական մարմիններին, նրանք ասում են, որ դա այդպես չէ: Մենք նման իրավիճակում նախկինում եղել ենք: 1936 թվականին մեր ամբողջ գույքը մեզանից խլել էին և մենք մինչ այժմ պայքարում էինք դրանք վերադարձնելու համար: Այս ամենը մեզ անծանոթ չէ։ Մենք ընկճված ենք և վախեցած, քանի որ չգիտենք գալիքը»:

Բռնագրավումների շուրջ ծավալվող բանավեճը Դիարբեքիրի պատմական տարածքը վերականգնելու փորձերի վերջին ճիգերից է: Ցեղասպանությունից առաջ Դիարբեքիրը հայկական քաղաք է եղել։ Այսօր այստեղ հայ գրեթե չի մնացել և եկեղեցու վերակառուցումը խորհրդանշական դեր ուներ:

Սուրբ Կիրակոս եկեղեցին դարձել էր մի վայր, որտեղ հայերը, ում նախնիները մահմեդականություն էին ընդունել, կարողանում էին վերագտնել իրենց ինքնությունն ու հավատքը:

Կառավարության անդամները հայերին կապում են քուրդ ապստամբների հետ, իսկ երկրի անվտանգության ուժերի կողմից պատերին հակա-հայկական գրություններ են հայտնվել քաղաքով մեկ:

Դիարբեքիրի հայերից մեկը, ով չի ցանկանում ինքնությունը բացահայտել, ասել է թե իրենք վախի մեջ են ապրում:

«Բոլորիս մեջ վախ կա: Այն ինչ կատարվել է 1915 թվականին հայերի հետ, այժմ կատարվում է քրդերի դեմ: Նրանց մտածելակերպն ու տրամաբանությունը նույնն է, ինչ նախկինում: Մենք արդեն վերապրել ենք ցեղասպանություն և չենք ցանկանում այն կրկին վերապրել»:

Մեկ տարի առաջ, երբ քուրդ ապստամբների և անվտանգության ուժերի միջև հրադադարը թևակոխում էր երրորդ տարին, խախաղությունը տեղի բնակիչներին հնարավուրություն ընձեռեց վերհիշել իրենց էթնիկ և կրոնական անցյալը, ինչը խորհրդանշվեց Սուրբ Կիրակոսի վերակառուցմամբ: Դիտորդները նկատում են, որ պատերազմի վերսկսումը հույսը փոխարինեց վախով, հատկապես տարածաշրջանի հայկական փոքրամասնության համար:

Այս նյութը դիտել են - 1229 անգամ