Շարմազանովը երկրում ռեֆորմացիա է նախապատրաստում, ռեֆորմիստ արդեն ունի
2016-05-13 09:37:00

Շարմազանովը երկրում ռեֆորմացիա է նախապատրաստում, ռեֆորմիստ արդեն ունի

Ծառուկ Սարգսյան

 7 կուսակցություն փոխած ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը, հասկանալով, որ իրեն որևէ այլ կուսակցություն չեն վերցնի, որովհետև երկրի ամենախայտառակ կուսակցության համար անգամ Բաբայանի անդամակցությունը հավելյալ խայտառակություն կլիներ, որոշել է սեփական կուսակցություն ստեղծել:

Բաբայանը կուսակցաշինության գործում իրեն գործընկեր է վերցրել Յուվեցի Կարոյին (Կարո Կարապետյան)՝ մտածելով, որ եթե իր կողքին ունենա մի այնպիսի խայտառակ կոմպանյոն, ինչպիսին Կարոն է, ապա նրա ֆոնին ինքը բարձր ինտելեկտի ու բարոյական արժեքների կրող կարող է երևալ:


Վահանը որոշել է իր կուսակցությունն անվանել Ռեֆորմիստական՝ դրանով «իշմար» տալով իշխանություններին, որ ինքը դեմ է ամեն տեսակ հեղափոխականությանը, այսինքն` իրենց կողմնակիցն է: Բայց հարց է առաջանում, թե ինչ ռեֆորմների մասին է խոսքը, եթե ըստ Վահան Բաբայանի՝ երկրում առանց այն էլ ամեն ինչ հրաշալի է ու անթերի. բյուջեն կատարյալ է, սահմանադրական փոփոխությունները՝ հիասքանչ, Ընտրական օրենսգիրքն ապահովելու է բացարձակ ժողովրդավարական ընտրություններ:

Վահան Բաբայանը կողմ է քվեարկել և՛ բյուջեի նախագծին, և՛ սահմանադրական փոփոխությունների նախագծին, և՛ Ընտրական օրենսգրքին, և՛ ընդհանրապես իշխանությունների բոլոր հնարավոր ու անհնար նախաձեռնություններին: Նա այնպիսի եռանդով է գովերգում իշխանությունների նախաձեռնությունները, որ հանրապետական պատգամավորները Բաբայանի ելույթներից հետո անհարմար դրության մեջ են հայտնվում, որովհետև մտածում են, որ ինչքան էլ փորձեն գովել որևէ օրենքի նախագիծ, միևնույն է, չեն կարողանա գերազանցել Վահան Բաբայանին:

Բայց եթե հանրապետականներն ամեն ինչ այդքան կատարյալ անում են, ի՞նչ իմաստ ունի կատարելությունը ռեֆորմի կամ ռեֆորմիստության ենթարկել: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե Բաբայանն իր կուսակցությունն անվաներ Կոմֆորմիստականների կամ Հարմարվողականների, ինչն ավելի ամբողջական կարտահայտեր կուսակցության էությունը և չէր առաջացնի հանրապետականների զայրույթը, ովքեր կարող են կասկածել, թե Վահան Բաբայանն այնքան է չափն անցել, որ եղածով հիանալու փոխարեն որոշել է վերադառնալ միջնադար և ռեֆորմացիա անցկացնել:


Բաբայանը գիտի, որ չի կարող հարուցել հանրապետականների զայրույթն ու դժգոհությունը, քանի որ ԲՀԿ նախկին մամուլի խոսնակի հովանավորը անձամբ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ և ձեռքի հետ խոշոր պատմաբան Էդուարդ Շարմազանովն է, որն ուսանող ժամանակ ստիպված ծանոթացել է ռեֆորմացիայի գաղափարին և մոտավորապես գիտի, թե ինչ ասել է ռեֆորմիստ: Շարմազանովն է հանձն առել վերևներին համոզել, որ ռեֆորմացիայի գաղափարներով տոգորված բազմակուսակցական Վահան Բաբայանն ու Յուվեցի Կարոն կարող են նոր կուսակցություն ստեղծել:

Շարմազանովն իր ղեկավարությանը համոզել է, որ առջևում խորհրդարանական ընտրություններն են, և հանրապետականներն այսպես թե այնպես սևագործ աշխատողների կարիք կունենան:

Օրինակ, եթե պետք է հայհոյել Օսկանյանին` ռեֆորմիստ Բաբայանը մեծ հաճույքով դա կանի, պետք է քլնգել «Ժառանգությանը», խնդրեմ, Յուվեցի Կարոն «քֆուր» տալու մեծ մասնագետ է, Բաբայանը կարող է նույնիսկ ձեռնամարտի մտնել Զարուհի Փոստանջյանի հետ, իսկ Յուվեցի Կարոն կարող է ատրճանակով նոկաուտի ենթարկել կառատեիստ Զուրաբյան Լյովիկին:


Առաջին հայացքից թվում է, թե մանր ծառայություններ են, և հանրապետականի զինանոցում այդպիսի գործիքների պակաս չի զգացվում: Բայց Շարմազանովը համոզել է, որ իր առաջարկած գործիքը ոչ միայն ունիվերսալ է, այլ նաև բավական ագրեսիվ: Մանավանդ որ Վահան Բաբայանի ակնկալիքներն էլ առանձնապես մեծ չեն, նա ոչ պատգամավորի մանդատ է ուզում, ոչ նախարարի, այլ որևէ մի երկրում դեսպանի խորհրդականի աշխատանք: Եթե իրեն արդարացնի, անպայման կտան, իսկ եթե ոչ` կպատճառաբանեն, որ ինքը պետք է շարունակի մնալ Հայաստանում, քանի որ երկրում ռեֆորմիստական գաղափարների տարածման լուրջ անհրաժեշտություն կա:


Ահա թե ինչպիսի հետաքրքիր և բազմաքայլ պրոցես է Հայաստանում կարիերա սարքելն ու արևի տակ տեղ գտնելը: Մարդը դեսպանի խորհրդական է ուզում դառնալ, փոխանակ գնա, պայմանավորվի Նալբանդյանի կամ երկրի կադրերի բաժնի պատասխանատու աշխատակիցներից որևէ մեկի հետ, նա ստիպված է կուսակցություն ստեղծել, սովորել, թե ինչ են ռեֆորմացիան և ռեֆորմիստականությունը, քամակը ճղել ընտրությունների ժամանակ: Բա սա կյա՞նք է: Մի՞թե Աստված հենց այսպիսի գործերի համար է ստեղծել Վահան Բաբայանին:

shame.am

Այս նյութը դիտել են - 1527 անգամ