VIDEO. Օբաման խոստանում է ոչնչացնել ահաբեկիչների առաջնորդներին
2015-12-15 09:31:00

Միացյալ Նահանգները մահացու հարվածներ է հասցնում «Իսլամական պետություն» խմբավորմանը՝ Դաեշին, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Օբաման Պենտագոնում անց է կացրել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը նվիրված էր ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությանը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգների գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան օրեցօր ավելացնում է Դաեշի դեմ ուղղված հարվածները: Միեւնույն ժամանակ, հատուկ գործողությունների միջոցով ոչնչացվում են ահաբեկիչների ղեկավարները:

«ԴԱԵՇ-ի առաջնորդները խույս չեն տալուեւ նրանց ուղղված մեր միակ խոսքը պարզ է՝ հաջորդը դուք եք լինելու», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Նախագահ Օբաման ընդգծել է, որ վերջին շաբաթներին կոալիցիայի արդյունավետ գործողությունների ընթացքում ահաբեկիչների հսկողության տակ գտնվող տարածքները կրճատվել են ինչպես Իրաքում, այնպես էլ՝ Սիրիայում:

«Մինչ օրս ԴԱԵՇ-ը Իրաքում կորցրել է իր հսկողության տակ եղած բնակելի տարածքների 40 տոկոսը եւ առաջիկայում կորցնելու է ավելին», - ասել է նախագահը:

Միեւնույն ժամանակ, Բարաք Օբաման նշել է, որ Դաեշի զինյալները ծպտվում են խիտ բնակեցված վայրերում, թաքնվելով քաղաքացիական բնակչության հետեւում՝ որպես վահան օգտագործելով անմեղմարդկանց, կանանց եւ երեխաների:

«Այսպիսով, անգութ մնալով ահաբեկիչների նկատմամբ, մենք պետք է գործենք խելացի՝ թիրախավորելով ԴԱԵՇ-ին վիրաբույժի ճշգրտությամբ», - կարեւորել է Օբաման:

Նախագահ Օբաման նաեւ կոչ է արել աշխարհի մյուս երկրներին, այդ թվում Ռուսաստանին եւ Միջին Արեւելքի պետություններին, հետեւել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի օրինակին՝ ավելի հուժկու հարվածներ հասցնելով ԴԱԵՇ-ին:

Ամփոփելով ահաբեկիչների դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմավարությունը՝, Բարաք Օբաման նշել է, որ այն շարունակվելու է չորս հիմնական ուղղություններով. Միացյալ Նահանգները շարունակելու է որսալ եւ ոչնչացնել ահաբեկիչների ղեկավարներին, աջակցել Իրաքում եւ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարող ցամաքային ուժերին, ոչնչացնել ԴԱԵՇ-ի ֆինանսական աղբյուրները, կանգնեցնել ահաբեկիչների կողմից տարվող ինտենսիվ քարոզչությունըեւ դիվանագիտական միջոցներով կարգավորել Սիրիայի քաղաքացիական պատերազմը, որպեսզի բոլոր կողմերը կենտրոնանան ԴԱԵՇ-ի դեմ պայքարի վրա:

Այս նյութը դիտել են - 1594 անգամ