Մետրոյի Բաղրամյան կայարանը փակ է. պահանջում են Սեյրան Օհանյանի հրաժարականը. Լուսանկարներ
2016-05-13 13:21:00

Նախագահական նստավայրի մոտից հայտնում է, որ այս պահին փակ է մետրոյի Բաղրամյան կայարանը: Կայարանի մուտքի դռան թակոցներից հետո ոստիկաններն ասել են, որ չեն կարող բացել:

Քաղաքացիների մուտքի մոտ դժգոհում են, թե ինչպես պետք է տուն հասնեն: Վերջիններիս մետրոյի աշխակիցներից մեկն ասել է, որ կայարանը փակ է այսօրվա ակցիայի պատճառով: Նրանց խորհուրդ են տվել մետրոյի Երիտասարդական կայարանից գնալ տուն, ինչն էլ առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը: 

Այս պահին «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները ակցիա են իրականացնում Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկում:

Նրանց պահանջները բաղկացած են 5 կետից:

Նախաձեռնության անդամները մասնավորապես պահանջում են պետական բյուջեից գումար հատկացնել զոհված զինծառայողների ընտանիքներին, վիրավոր զինծառայողների ընտանիքներին, աշխատանքից ազատել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին եւ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին:

18.27 Ակցիայի մասնակիցներից Մուշեղ անունով քաղաքացին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ համաձայնության եկան, որպեսզի ակցիայի մասնակիցները մայթով շարժվեն կառավարական առանձնատներ, որտեղ բնակվում է Սերժ Սարգսյանը, սակայն ակցիան անցկացնել առանձնատների դիմացի մայթին:

Օսիպյանը նաեւ զգուշացրեց, որ որոշ մարդկանց մոտ հավկիթներ կան եւ հորդորեց չխախտել հասարակական կարգը, այլապես ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով քայլեր կձեռնարկի: Այս պահին ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի կառավարական առանձնատներ:

19.12 Այս պահին «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները հավաքվել են Սերժ Սարգսյանի կառավարական առանձնատան դիմաց, նրանք իրենց ձեռքին ունենք «Մենք ենք տերը մեր երկրի» պաստառը, ոստիկանները պատ են կազմել:

Առանձնատան դիմաց տեղի են ունենում ելույթներ, նրանք պահանջում են, որպեսզի ինչ-որ մեկը դուրս գա եւ պատասխան տա, թե ինչու մենք ունենք 102 զոհ:

Ակցիային մասնակցում են մոտ 50 ակտիվիստներ: Ոստիկանների թիվն ավելի մեծ է, քան ակցիայի մասնակիցներինը:

19.25 Ակցիայի մասնակիցներն այս պահին երթով հետ են գնում Բաղրամյան պողոտա:Կառավարական առանձնատներից ոչ ոք դուրս չի եկել՝ ցուցարարներին լսելու:

19.50  Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ ցանկանում են մոտենալ կառավարական առանձնատանը եւ փոխանցել իրենց պահանջները, սակայն ոստիկանները՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ թույլ չտվեցին նրանց։ Օսիպյանը նաեւ հրաժարվեց նամակը փոխանցել՝ նշելով, որ իր գործառույթը միայն հասարակական կարգի պահպանությունն է։Ի վերջո, ակցիայի մասնակիցները դժգոհեցին, որ նախագահականից չեն արձագանքում իրենց պահանջներին, դժգոհեցին, որ քիչ են մարդիկ մասնակցում ակցիային, եւ որոշեցին հեռանալ։ Բաղրամյան պողոտայում նրանց ակցաին ավարտվեց: Մեր հարցին, թե ինչ է լինելու հետո, ակցիայի գրեթե բոլոր մասնակիցները նշում էին, որ իրենք ակտիվիստներ են եւ կազմակերպչական աշխատանքներից տեղյակ չեն:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 1246 անգամ