Միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների կոնգրեսական Թեդ Փոն.
«Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը՝ բոլորն էլ ավելի վաղ համաձայնել էին կարգավորել այս խնդիրը, եւ իմ կարծիքով, մենք պետք է կատարենք մեր պարտավորությունը»:
Կոնգրեսականի խոսքով, Ռուսաստանը, որի պատասխանատվության շրջանակներում էր հիմնականում գտնվում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը, բավարար չափով հետաքրքրված չէ դրա կարգավորման մեջ եւ Միացյալ Նահանգներին ու Եվրոպային անհրաժեշտ է ավելի ակտիվորեն ներգրավվել կարգավորման խնդրում.
«Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը պետք է համախմբեն ուժերը եւ կարգավորեն խնդիրը՝ բոլորի համար արդար ճանապարհով, քանի որ մինչ մենք զրուցում ենք, այնտեղ մարդիկ են զոհվում»:
Այս առումով հատկանշական է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարությունը, նախագահներ Սարգսյանի ու Ալիեւի միջեւ Վիեննայում հաջորդ շաբաթ անցկացվելիք հանդիպմանը պետքարտուղար Ջոն Քերրիի մասնակցության վերաբերյալ: Հայտարարությունն առավել հատկանշական է, հաշվի առնելով այն փաստը, որ Գերմանական Մարշալի հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերի խոսքով, առաջիկա նախագահական ընտրություններից առաջ ԱՄՆ-ի ներկա վարչակազմն այժմ փորձում է չմասնակցել նոր միջազգային նախաձեռնություններում.
«Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնում, մասնավորապես՝ Պետքարտուղարությունում եւ Սպիտակ տանը, ընդունված է մի մոտեցում, որ եթե իրավիճակը է վատթարանա, ապա պետք է գործել առաջխաղացմամբ, այլ ոչ թե արձագանքելով արդեն տեղի ունեցած իրադարձություններին»:
Վերլուծաբանի խոսքով, Ռուսաստանի գործողությունները ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ, պետք է հավասարակշռվեն Արեւմուտքի գործողություններով.
«Անհրաժեշտ է, որ կողմերի վրա Ռուսաստանից գործադրվող բացասական ճնշմանը լինի հակակշիռ»:
Միեւնույն ժամանակ, Ուոքերի խոսքով, Մոսկվան չի կարող լուրջ ճնշում գործածել Երեւանի վրա.
«Այն գաղափարը, որ Ռուսաստանը ծայրաստիճան ճնշում է գործադրում Հայաստանի վրա, մեղմ ասած, չափազանցված է: Այլ հարց է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտության վերջնական կարգավորման մեջ»:
Ի տարբերություն ռուսական ճնշումներին, որոնք հիմնականում կենտրոնացած են զենքի վաճառքի վրա, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան կարող են շահագրգռել Հայաստանին, Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հակամարտության կարգավորման իրական գործընթաց սկսել՝ փոխարենը ստանալով տարածաշրջանի տնտեսական եւ քաղաքական բարգավաճում: Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, երբ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու միակ միջոցն է հակամարտության թեժացումը, ապա այն պետք է փոխվի, համոզված է վերլուծաբանը.
«Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, եւ ո՛չ էլ զինյալները չունեն ռազմական միջոցներով հակառակ կողմին վերջնական պարտության բերելու բավարար ներուժ, ուստի միակ տարբերակը քաղաքական ուղին է եւ միակ հարցն այն է, թե հաջորդ վեց ամիսների ընթացքում ինչ կարող է արվել ներկա փակուղուց դուրս գալու համար»:
Այս նյութը դիտել են - 1862 անգամ