Ոչխարների խուզման փառատոնը տեղի կունենա հունիսի 6-ին
2016-05-17 11:48:00

Ամեն տարի հունիսի առաջին շաբաթ օրը, «ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի տարածքում տեղի է ունենում ոչխարների խուզման փառատոնը:Այն առաջին անգամ անցկացվեց 2014թ: Սովորաբար, փառատոնի մասնակիցները բաժանվում են խմբերի, և հաղթող է ճանաչվում այն խումբը, որը մյուսներից արագ և վարպետորեն կխուզի ոչխարներին:

 Ինչպես հասկացաք, այս միջոցառումն առայժմ ապաքաղաքական է (չնայած դրան մասնակցում են հայ և օտարերկյա բազմաթիվ պաշտոնյաներ և անգամ դեսպաններ), և որևէ քաղաքական ենթատեքստ այստեղ որոնել պետք չէ: Մենք կհետևենք միջոցառմանը, քանի որ խորապես համոզված ենք, որ ոչխարների խուզման արարողությունը շատ բարդ, կարևոր և օգտակար պրոցես է:

Ավելին, կգա ժամանակ, երբ փառատոնի կազմակերպիչները կհասկանան, որ հանուն ազգի միջոցառումն, այնուամենայնիվ, պետք է քաղաքականացնել և որպես գլխավոր հերոսներ` խուզման արարողությանը խուզվողների դերում ներգրավվել Հայաստանում հանրային կշիռ ունեցող ոչխարներին (Արա Աբրահամյանից սկսած):

Իսկ եթե դա տեղի ունենա, ապա մենք, լինելով ոչխարների գծով լուրջ մասնագետներ և ունենալով բազմաթիվ ոչխար-հաճախորդներ, սիրով կմասնակցենք, իհարկե, մեր ոչխարներով հանդերձ, այդ փառատոնին:

Ի դեպ, մեր մասնակցությունը կարող է լինել նաև ժյուրիի կազմում:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1269 անգամ