Կաթողիկոս Գարեգին Բ-ն բաց նամակով դիմել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին և նրա տիկին Նատալյա Աբրահամյանին` շնորհակալություն հայտնելով նվիրաբերված 6.6 միլիոն ռուբլու համար: Ըստ այդմ` նամակում ասվում է. «Սույն գրությամբ հաստատում ենք Ձեր կողմից նվիրաբերված 6.600.000 ՌԴ ռուբլու ստացումը Մայր աթոռում՝ ի նպաստ Արցախի օգնության հիմնադրամի»:
Զարմանալի բան է ստացվել: Արա Աբրահամյանը գումար է հատկացնում ապրիլի 4-ին, բայց այն տեղ է հասնում մեկ ու կես ամիս անց: Նույնիսկ եթե փոխանցումը կատարվեր հետիոտն փոստատարի օգնությամբ, փողը հասցեատիրոջն ավելի շուտ պիտի հասած լիներ:
Սակայն տարօրինակը միայն սա չէ: Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է, որ հենց ապրիլի 4-ին Արա Աբրահամյանն անձամբ հայտարարեց. « Իմ կողմից որոշում է կայացվել հատուկ հաշիվ բացել և ֆոնդ ստեղծել՝ ի աջակցություն ԼՂՀ-ի: Առաջին ներդրումը՝ 5 միլիոն ռուբլի, ես արդեն հատկացրել եմ անհապաղ փոխանցման համար»:
Ուշադրություն դարձրեք «անհապաղ փոխանցում» արտահայտությանը և նրան, որ խոսքը 5 միլիոն, այլ ոչ թե 6.6 միլիոն ռուբլու մասին է: Ոչ անհապաղն էր իրական, ոչ էլ գումարը կարող էր ճանապարհին միանգամից այդքան աճ արձանագրել: Իսկ եթե սրան էլ գումարենք այն դրվագը, որ սկզբում Աբրահամյանն ինքն էր ֆոնդ ստեղծելու, բայց հետո, չգիտես ինչու, փողը հանձնեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի կողմից ձևավորած հումանիտար օգնության ֆոնդին, այն էլ ոչ թե ռուբլով, այլ 100 հազար ԱՄՆ դոլարով, ապա այս անհամապատասխանությունների կծիկում հաստատ կխճճվեք:
Մինչդեռ շփոթվելու լուրջ հիմքեր կարծես թե չկան: Այս անգամ էլ ամեն բան կարող է շատ պարզ բացատրություն ունենալ: Տեսնելով, որ ամբողջ հայկական համայնքի ու արցախցիների մոտ ամոթով է մնացել ու խայտառակվել, Արա Աբրահամյանը օգնության է կանչել կաթողիկոսին:
Իսկ խայտառակությունից փրկվելու գինն արդեն սահմանված էր: Նա մուծում է խոստացված 100 հազարը, Գարեգին Երկրորդն էլ բաց նամակով շնորհակալություն է հայտնում: Ու ամեն ինչ իր տեղն է ընկնում: Առավել ևս, որ դրա համար արդեն պիտի պահանջվեր ոչ թե մեկ ու կես ամիս, այլ ընդամենը մի 20-30 րոպե:
Այս նյութը դիտել են - 1800 անգամ